Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բժիշկները՝ միջազգային գիտական խմբի կազմում, ներկայացրել են կենտրոնական նյարդային համակարգի գործունեության մեջ աղիքային միկրոֆլորայի դերի համապարփակ վերլուծությունը և դրա ազդեցությունը հոգեհուզական վիճակի, ճանաչողական գործառույթների ու լուրջ ախտաբանությունների զարգացման վրա (դեպրեսիայից մինչև Ալցհայմերի և Պարկինսոնի հիվանդություններ)։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Communicative & Integrative Biology գիտական ամսագրում։
Նյարդադեգեներատիվ հիվանդությունների բնույթի ուսումնասիրությունը ժամանակակից բժշկության ամենաարդիական խնդիրներից մեկն է, քանի որ մինչ օրս պարզ չեն դրանց ձևավորման բոլոր մեխանիզմները, մինչդեռ հիվանդությունների զարգացումը հանգեցնում է օրգանիզմի ծանր ախտահարումների։ Օրինակ՝ Ալցհայմերի և Պարկինսոնի հիվանդությունները հանգեցնում են հիշողության, անհատականության և ինքնավարության անդառնալի կորստի՝ բեռ դառնալով ընտանիքների ու հասարակության վրա, հաղորդում է «Նաուչնայա Ռոսսիյա»-ն։ Ընդ որում, այսօր գոյություն չունեն մեթոդներ, որոնք ի վիճակի են կանգնեցնել կամ բուժել նման հիվանդությունները։ Ողջ թերապիան ախտանշանային է և կարող է միայն թեթևացնել դրանց դրսևորումները։
Ինչպես նշում են գիտնականները, նեյրոնների մահվան հիմնարար մեխանիզմների ըմբռնումը արդյունավետ դեղամիջոցների և վաղ ախտորոշման միջոցների ստեղծման միակ ուղին է։ Առանց այս գիտելիքների հիվանդությունների տարածումը չի դադարի, իսկ տնտեսական ու սոցիալական ծախսերը միայն կաճեն։
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հետազոտողները «աղիք-ուղեղ» առանցքի կապերի լայնածավալ վերլուծություն են անցկացրել և միկրոֆլորայի կազմի բնորոշ փոփոխություններ հայտնաբերել հիվանդությունների լայն շրջանակի դեպքում՝ երկբևեռ խանգարում, տագնապայնություն, շիզոֆրենիա, էպիլեպսիա, աուտիզմի սպեկտրի խանգարումներ, ինչպես նաև Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդությունների և ցրված սկլերոզի ժամանակ։
«Մենք ապացուցել ենք, որ աղիքային բակտերիաների համակեցությունը փոխկապակցված է ուղեղի աշխատանքի հետ։ Սա կարևոր է, քանի որ համակեցության կազմի խաթարման դեպքում կարող են ի հայտ գալ նյարդային համակարգի աշխատանքի տարբեր շեղումներ, ինչն առաջին հերթին կանդրադառնա պացիենտի հոգեհուզական վիճակի վրա։ Համապատասխանաբար, շատ նյարդահոգեկան և նյարդադեգեներատիվ հիվանդությունների դեպքում նկատվում է նաև մանրէաբանական հավասարակշռության փոփոխություն, ինչն անհրաժեշտ է հաշվի առնել բուժման ժամանակ և նման պացիենտներին նշանակել պրոբիոտիկ թերապիա», — ասել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բժշկության և բժշկական տեխնոլոգիաների հիմնարար խնդիրների ամբիոնի ասիստենտ Գրիգորի Բերդիչևսկին։
Աշխատության հեղինակները կարծում են, որ մարդու մոտ «աղիք-ուղեղ» առանցքը ձևավորվել է էվոլյուցիայի ընթացքում՝ ընդունվող սննդի որակը գնահատելու և առողջ սննդային սովորություններ ձևավորելու համար։ Այս համակարգի գործունեության համար աղիքներում գոյություն ունեն էնտերոէնդոկրին բջիջներ, որոնք արտազատում են ազդանշանային մոլեկուլներ (հորմոններ և մեդիատորներ)։ Դրանք ակտիվացնում են համապատասխան ռեցեպտորները, իսկ վերջիններս իրենց հերթին, թափառող նյարդի միջոցով, ազդակները փոխանցում են ուղեղին։ Արդյունքում, ճիշտ սնունդ օգտագործելիս տեղի է ունենում այդ սովորության ամրապնդում։
Քանի որ աղիքային համակեցությունը միլիոնավոր տարիներ շարունակ հարմարվել է տիրոջ օրգանիզմում ապրելուն, դրա ներկայացուցիչները, օրինակ՝ բակտերիաները, սովորել են ներկառուցվել այդ առանցքի մեջ։ Մարդու օրգանիզմը նույնպես հարմարվել է նման ազդեցությանը, հետևաբար, դրա խաթարումների դեպքում նյարդային համակարգը նույնպես իրեն հարմարավետ չի զգա։
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ուղեղը մեկուսացված չէ: Դրա առողջությունն անխզելիորեն կապված է ողջ օրգանիզմի և, մասնավորապես, աղիքների առողջության հետ: Սա հաստատում է կլինիկական պրակտիկայում միկրոֆլորայի վիճակի ախտորոշման կարևորությունը: Բացի այդ, ստացված տվյալներն անհրաժեշտ է օգտագործել նյարդահոգեկան և նյարդադեգեներատիվ հիվանդությունների հետագա թերապիայի համար: Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի (СПбГУ) հետազոտողները կարծում են, որ հնարավոր է, որ այդ հիվանդությունների թվի աճի պատճառներից մեկը թաքնված է հենց սխալ սննդակարգի և աղիքային միջավայրի կազմի խաթարման մեջ:






