Պասիվ էկրանային ժամանակի փոխարինումը մտավոր ակտիվ գործունեությամբ կարող է նվազեցնել դեմենցիայի վտանգը, վկայում է նոր հետազոտությունը։ Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ուղեղի առողջության համար կարեւոր է ոչ միայն այն, թե որքան է մարդը նստում, այլ թե ինչով է նա զբաղվում այդ ժամանակ։

American Journal of Preventive Medicine ամսագրում հրապարակված հոդվածը հիմնված է շվեդական կոհորտային հետազոտության ավելի քան 20 հազար մեծահասակների տվյալների վրա, որոնց հետեւել են միջինը մոտ 19 տարի։ Դիտարկումներն սկսելու պահին բոլոր մասնակիցները 35-64 տարեկան էին։ Հետազոտության ընթացքում 569 մարդու մոտ դեմենցիա է առաջացել։

Հեղինակները նստակյաց գործունեությունը բաժանել են երկու կարգի՝ մտավոր պասիվ եւ մտավոր ակտիվ։ Պասիվ գործունեություն են համարվել հեռուստացույց դիտելը եւ էկրանի առջեւ անցկացրած սակավ խթանիչ ձեւերը, ակտիվ են համարվել ընթերցանությունը, գլուխկոտրուկներ լուծելը, համակարգչով աշխատելը, սեղանի խաղերը եւ այլ զբաղմունքներ, որոնք պահանջում են կոգնիտիվ ներգրավվածություն։

Վերլուծությունը ցույց է տվել, որ մտավոր ակտիվ նստակյաց գործունեության յուրաքանչյուր լրացուցիչ մեկ ժամն օրական կապված է եղել դեմենցիայի վտանգի 4 տոկոս նվազման հետ, հատկապես հետազոտվող խմբի ավագ տարիքի մարդկանց մոտ։

Մոդելավորումը նաեւ ցույց է տվել, որ եթե պասիվ նսակյաց վարքի մեկ ժամը փոխարինվի մեկ ժամ մտավոր ակտիվ գործունեությամբ, դեմենցիայի վտանգը կարող է իջնել մոտ 7 տոկոսով։ Որոշ սցենարներում ընդհանուր պաշտպանական էֆեկտը հասել է 11 տոկոսի։

Հետազոտողներն ընդգծել են, որ հետազոտությունը չի ապացուցում ուղղակի պատճառահետեւանքային կապը. հնարավոր է, որ կոգնիտիվ առողջության ավելի բարձր մակարդակ ունեցող մարդիկ պարզապես ավելի հակված են ընտրելու ինտելեկտուալ առումով խթանող գործունեություն։

Այնուամենայնիվ, արդյունքները համապատասխանում են այն պատկերացմանը, որ կանոնավոր մտավոր գործունեությունը նպաստում է գորշ նյութի ծավալի պահպանմանը, բարելավում է արյան հոսքն ուղեղ եւ կարող է նպաստել այսպես կոչված «կոգնիտիվ պահուստի» ձեւավորմանը, որը պաշտպանում է ուղեղի ֆունկցիայի տարիքային անկումից։

Հետազոտողները նաեւ նշել են կարեւոր սահմանափակում. քանի որ սկզբնական տվյալները հավաքվել են դեռեւս 1990-ականներին, ուսումնասիրությունը գրեթե հաշվի չի առել թվային հանգստի ժամանակակից ձեւերը, ինչպիսին են սմարթֆոնները, սոցիալական ցանցերը եւ կարճ տեսանյութերը։ Հետեւաբար, այսօրվա «սքրոլինգի» ազդեցությունը դեմենցիայի ռիսկի վրա պահանջում է առանձին ուսումնասիրություն։