Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ լեզուն հասկանալու մարդու ունակությունը կապված է ոչ թե ուղեղի մեկ առանձին հատվածի, այլ մի քանի հատվածների միաժամանակյա դինամիկ փոխազդեցության հետ: Աշխատանքը հիմնված է ուղեղի ակտիվության ուղղակի գրանցումների վրա և հրապարակվել է The Cerebellum ամսագրում:

Նախկինում նյարդագիտության մեջ գերիշխում էր այսպես կոչված «լեզվական կենտրոնների» գաղափարը, օրինակ՝ Բրոկայի կամ Վերնիկեի տիրույթները, որոնք համարվում էին խոսքի մշակման հիմնական հանգույցները: Սակայն նոր տվյալները փաստում են, որ լեզուն բաշխված ցանցի համակարգված աշխատանքի արդյունք է, որտեղ ուղեղի տարբեր հատվածներ մշտապես փոխանակվում են ազդանշաններով:

Գիտնականներն ուսումնասիրել են էպիլեպսիա ունեցող այն պացիենտների ուղեղի ակտիվությունը։ Նրանց մոտ էլեկտրոդներ են տեղադրված եղել: Դա թույլ է տվել բարձր ճշգրտությամբ և իրական ժամանակում հետևել ուղեղի աշխատանքին: Մասնակիցներին առաջարկվել է դասակարգել բառերը՝ կոնկրետ հասկացություններից (օրինակ՝ «սենդվիչ» կամ «նոութբուք») մինչև վերացականները («ժամանակ», «արդարություն»):

Արդյունքները ցույց են տվել, որ տարբեր տեսակի բառերն ակտիվացնում են տարբեր, բայց միմյանց հատվող նեյրոնային ցանցեր: Կոնկրետ բառերն ավելի շատ ներգրավում են զգայական ընկալման հետ կապված հատվածները, մինչդեռ վերացականները՝ առավելապես լեզվական գոտիները: Սակայն երկու դեպքում էլ վճռորոշը ոչ թե «գլխավոր կենտրոնի» առկայությունն է, այլ ուղեղի մի քանի հատվածների մշտական փոխազդեցությունը:

Հատկապես կարևոր է այն, որ նույնիսկ միջանկյալ նշանակություն ունեցող բառերը (օրինակ՝ «կախարդանք» կամ «շահույթ») առաջացրել են ակտիվության կայուն և համաձայնեցված օրինաչափություններ՝ անկախ մասնակիցների անհատական ընկալումից: Սա վկայում է այն մասին, որ ուղեղը հենվում է ոչ միայն սուբյեկտիվ զուգորդումների, այլև իմաստի մշակման ավելի համընդհանուր մեխանիզմների վրա:

Լրացուցիչ փորձերը հաստատել են այս եզրակացությունը. երբ հետազոտողները թույլ էլեկտրական խթանման միջոցով ժամանակավորապես ճնշել են ուղեղի առանձին հատվածների ակտիվությունը, մասնակիցների համար դժվարացել է բառերի մեկնաբանումը: Սա մատնանշում է, որ ոչ մի գոտի չի գործում մեկուսացված ձևով. լեզուն առաջանում է ուղեղի «ցանցային» աշխատանքի արդյունքում:

Հեղինակներն ընդգծում են, որ արդյունքներն ունեն կարևոր կլինիկական նշանակություն: Լեզվական ֆունկցիաների բաշխվածության հստակ ըմբռնումը կարող է օգնել աֆազիայի, ինսուլտի հետևանքների և ուղեղի վնասվածքների բուժման հարցում, ինչպես նաև խոսքը վերականգնելու համար նախատեսված նեյրոպրոթեզների մշակման գործում: