Ալցհայմերի հիվանդության բուժման մեջ «առաջխաղացում» կամ «հեղափոխություն» համարվող երկու դեղամիջոցների 17 կլինիկական փորձարկումների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք ճանաչողական անկման վրա էական ազդեցություն չունեն։
Հետազոտողները հայտարարել են, որ դոնանեմաբ և լեկանեմաբ դեղամիջոցները դեմենցիայից տառապող բուժառուների կյանքի որակը էականորեն չեն բարելավել։
Ացհայմերի հիվանդության որոշ փորձագետներ քննադատել են վերլուծությունը՝ այն մեթոդաբանական առումով հիմնազուրկ համարելով։
Վիճահարույց դեղամիջոցները թիրախավորում են բետա-ամիլոիդ կոչվող կպչուն նյութը, որը կուտակվում է Ալցհայմերի հիվանդության ժամանակ ուղեղի բջիջների միջև ընկած տարածություններում։
Ամիլոիդը թիրախավորելու և ուղեղից մաքրելու համար գիտնականները հատուկ հակամարմիններ են մշակել, նման այն հակամարմիններին, որոնք օրգանզիմն արտադրում է վիրուսների և մանրէների դեմ պայքարելու համար։
Շատ տարիներ շարունակ այդ մոտեցումը արդյունքի չի հանգեցրել, սակայն դոնանեմաբի և լեկանեմաբի փորձարկումները ցույց են տվել, որ դրանք կարող են դանդաղեցնել ճանաչողական անկման տեմպը։
Այդ հայտնագործությունը համարվեց հեղափոխական, քանի որ դա առաջին դեպքն էր, երբ դեղամիջոցները Ալցհայմերի հիվանդության դեպքում կարողացան դանդաղեցնել ուղեղի վնասման գործընթացը։
Հետազոտողների միջազգային ոչ առևտրային Cochrane Collaboration ցանցը վերլուծեց 17 հետազոտություն, որոնց մասնակցել է 20 հազար 342 կամավոր, նրանց հետազոտության ընթացքում փորձարկել են ուղեղից ամիլոիդը հեռացնող յոթ դեղամիջոց։
Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ այս և նմանատիպ դեղամիջոցները դանդաղեցնում են Ալցհայմերի հիվանդության զարգացումը, սակայն ոչ այնքան, որ էական տարբերություն առաջացնեն բուժառուների համար։ Բացի դրանից, այդ դեղամիջոցները ուղեղի այտուցի և արյունահոսության ռիսկ են պարունակում, և դրանք պետք է ընդունվեն յուրաքանչյուր երկու-չորս շաբաթը մեկ, ինչը դրանք բավականին թանկ է դարձնում։
Զեկույցի հեղինակներից մեկը՝ Նիդեռլանդների Ռադբուդի համալսարանի բժշկական կենտրոնի նյարդաբանության պրոֆեսոր Էդո Ռիչարդը, իր կլինիկայում աշխատում է դեմենցիայից տառապող բուժառուների հետ։
BBC-ի հարցին՝ ինչ խորհուրդ կտա իր բուժառուներին, Ռիչարդը պատասխանել է. «Ես նրանց կասեի՝ ըստ իս՝ այս դեղամիջոցները, հավանաբար, չեն օգնի ձեզ, և դրանք հսկայական [ֆինանսական] բեռ կլինեն անձամ ձեզ և ձեր ընտանիքի համար»։
Ներկա պահին Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայությունը (NHS) չի ձեռք բերում կամ չի տրամադրում այդ դեղամիջոցները, իսկ 18-ամսյա բուժման կուրսը մասնավոր կլինիկայում արժե 90 հազար ֆունտ ստեռլինգ։
«Կարծում եմ՝ անչափ կարևոր է անկեղծ լինել բուժառուների հետ, թե ինչ կարելի է ակնկալել։ Ես միշտ փորձում եմ զգույշ լինել, որպեսզի մարդկանց կեղծ հույսեր չտամ»,- ասում է նա։
Ռիչարդն ասում է, որ Ալցհայմերի հիվանդության այլ բուժումներ, ինչպիսիք են ուղեղի բորբոքումը վերացնելուն ուղղվածները, այժմ պետք է հետազոտվեն։
Զեկույցի արդյունքները հաստատում են նաև այդ դեղամիջոցների վաղեմի քննադատները։
Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) պրոֆեսոր Ռոբերտ Հովարդը նշել է, որ «տխուր և անարդար» է դեմենցիայի բախվող ընտանիքների համար, որ այդ դեղամիջոցները գովազդվում են «առանց բավարար գիտական հիմնավորման՝ կեղծ հույս ստեղծելով»։
Ընդսմին, Cochrane Collaboration-ի մոտեցումը հետազոտության տվյալների վերլուծությանը բուռն քննարկումներ է առաջացրել գիտական համայնքում։
Շատ փորձագետներ կարծում են, որ յուրաքանչյուր դեղամիջոցի գործողության մեխանիզմի տարբերությունները նշանակալի են, և որ անարդար է հին փորձարարական դեղամիջոցները խմբավորել ավելի նոր, ապացուցված արդյունավետ դեղամիջոցների հետ։
Հետազոտողները պնդում են, որ իրենց ուսումնասիրած բոլոր դեղամիջոցները մաքրում են ամիլոիդը ուղեղից, ուստի իրենց վերլուծությունը ցույց է տալիս՝ արդյո՞ք այդ մոտեցումն ընդհանուր առմամբ արդյունավետ է։
Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Մեծ Բրիտանիայի դեմենցիայի հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Բարտ Դե Սթրուփերը հայտարարել է, որ վերանայումը «չի պարզաբանում ապացույցները, այլ ավելի շուտ մթագնում է դրանք»։
«Շատ վաղ մշակումներ ձախողվել են, սակայն այս նոր հակամարմիններն ապահովել են համեստ, սակայն իրական կլինիկական օգուտներ»,- ասել է նա։
«Կարևոր է, որ մենք մոտենանք այդ վերանայմանը պատշաճ ուշադրությամբ, այլ ոչ թե փշուր-փշուր անենք տասնամյակների նորարարական հետազոտությունները»,- ասել է Alzheimer's Society-ի՝ Ալցհայմերի հետազոտությունները ֆինանսավորող բարեգործական կազմակերպության դոկտոր Ռիչարդ Օքլին։
Մեծ Բրիտանիայում Առողջապահության և խնամքի գերազանցության ազգային ինստիտուտը (NICE) որոշումներ է ընդունում, թե որ դեղամիջոցները պետք է գնի NHS-ը։ Կառույցը հաշվի է առնում դրանց արժեքը և ապացուցված արդյունավետությունը: Դոնանեմաբի և լեկանեմաբի վերաբերյալ նախկինում դրանց գնումը համարել էր անհիմն, սակայն մարտի վերջին համաձայնել է վերանայել տվյալները՝ հաշվի առնելով դեմենցիայով մարդկանց խնամքի բեռը նրանց սիրելիների վրա:






