Communications Medicine ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ երկարատև COVID-19 ունեցող մարդկանց արյան մեջ ձևավորվում է յուրահատուկ «իմունային հետք», որը թույլ է տալիս նրանց տարբերակել լիովին ապաքինված կամ ընդհանրապես չվարակված մարդկանցից։
Գիտնականները վերլուծել են Ավստրալիայից և Նորվեգիայից ընտրված մասնակիցների արյան նմուշները՝ նրանց բաժանելով երեք խմբի. առողջ մարդիկ՝ առանց SARS-CoV-2-ով վարակման պատմության, պացիենտներ, ովքեր տարել են COVID-19՝ առանց երկարաժամկետ հետևանքների, և մարդիկ, ովքեր ունեն երկարատև COVID-ի ախտանիշներ։
Աշխատանքում ուսումնասիրվել են բորբոքման և նյարդային համակարգի գործունեության հետ կապված սպիտակուցների մակարդակները՝ խմբերի միջև կայուն կենսաբանական տարբերությունները բացահայտելու նպատակով։
Արդյունքները ցույց են տվել, որ երկարատև COVID-ով հիվանդ պացիենտների մոտ արյան մեջ պահպանվում է սպիտակուցների բնորոշ պրոֆիլը (նույնիսկ վարակից ամիսներ անց)։ Այս տարբերությունները վերաբերում են ինչպես բորբոքային գործընթացներին, այնպես էլ նեյրոնային ակտիվության հետ կապված մոլեկուլներին։ Մարկերների այս «ստորագրային» հավաքածուն պոտենցիալ հիմք կարող է դառնալ ապագա ախտորոշիչ թեստերի համար, որոնք թույլ կտան օբյեկտիվորեն հաստատել երկարատև COVID-ի առկայությունը։
Հետազոտողներն առանձնացրել են, որ պացիենտների մի մասի մոտ իմունային համակարգը մնում է երկարատև ակտիվացման վիճակում, ինչը կարող է բացատրել այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են քրոնիկ հոգնածությունը, կոգնիտիվ խանգարումները և «մտքի մշուշը»։ Միևնույն ժամանակ, առայժմ չկա մեկ միասնական կենսամարկեր, որը վերջնականապես կբացատրեր հիվանդության մեխանիզմը։ Գիտնականներն այս վիճակը դիտարկում են որպես բազմագործոն, որը ներառում է մի քանի հատվող իմունային գործընթացներ։
Կարևոր դիտարկում է նաև այն, որ բուստերային դեղաչափերով պատվաստումը չի ուժեղացրել երկարատև COVID ունեցող մարդկանց մոտ բորբոքային պրոֆիլները, ինչը նվազեցնում է պատվաստումներից հետո վիճակի հնարավոր վատթարացման վերաբերյալ մտավախությունները։ Աշխատանքի հեղինակներն ընդգծում են, որ հայտնաբերված իմունային ստորագրությունը ոչ միայն օգնում է ավելի լավ հասկանալ երկարատև COVID-ի էությունը, այլև կարող է քայլ դառնալ ավելի ճշգրիտ ախտորոշման մեթոդների և անհատականացված բուժման մշակման ճանապարհին։






