Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ արյան պարզ ցուցանիշը կարող է օգնել բացահայտել Ալցհեյմերի հիվանդության ռիսկը ախտանիշների հայտնվելուց դեռ շատ առաջ: Խոսքը նեյտրոֆիլների և լիմֆոցիտների հարաբերակցության (NLR) մասին է. պարամետր, որը հեշտությամբ որոշվում է արյան ստանդարտ հետազոտության ժամանակ և արտացոլում է իմունային համակարգի վիճակը:

Աշխատանքը, որն իրականացրել են NYU Langone Health բժշկական կենտրոնի և Նյու Յորքի համալսարանի Գրոսմանի բժշկական դպրոցի հետազոտողների կողմից, հիմնված է առողջապահական երկու խոշոր համակարգերի գրեթե 400 հազար բուժառուների տվյալների վերլուծության վրա: Արդյունքները հրապարակվել են Alzheimer's & Dementia բժշկագիտական հանդեսում:

Գիտնականներն ուսումնասիրել են 55 տարեկանից բարձր բուժառուների NLR ցուցանիշները, ընդ որում՝ հաշվի են առնվել միայն այն չափումները, որոնք կատարվել են նախքան դեմենցիայի ախտորոշումը: Այնուհետև հետազոտողները ստուգել են՝ արդյոք այդ մարդկանց մոտ հետագա տարիներին զարգացել է հիվանդությունը:

Վերլուծությունը ցույց է տվել, որ NLR-ի բարձր արժեքը վիճակագրորեն կապված է ինչպես Ալցհեյմերի հիվանդության, այնպես էլ դեմենցիայի այլ ձևերի զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ ռիսկի հետ: Ընդ որում, նեյտրոֆիլների մակարդակի աճը նկատվել է դեռևս մինչև ճանաչողական (կոգնիտիվ) վատթարացման որևէ նշանի ի հայտ գալը, ինչն այդ ցուցանիշը վաղ ախտորոշման պոտենցիալ արժեքավոր գործիք է դարձնում:

Լրացուցիչ պարզվել է, որ բարձր NLR-ի և դեմենցիայի ռիսկի միջև փոխադարձ կապն ավելի ուժեղ է արտահայտված կանանց, ինչպես նաև լատինաամերիկյան ծագում ունեցող բուժառուների շրջանում: Դրա պատճառները դեռևս անհայտ են և հնարավոր է՝ կապված են ինչպես գենետիկական գործոնների, այնպես էլ սոցիալական պայմանների հետ՝ ներառյալ բժշկական օգնության հասանելիությունը:

Հետազոտողները շեշտում են, որ ինքնին այսդ ցուցանիշը բավարար չէ ախտորոշում տալու համար, սակայն ռիսկի այլ գործոնների հետ համակցված՝ այն կարող է օգնել առանձնացնել այն մարդկանց, ովքեր դեռևս մինչև ախտանիշների ի հայտ գալը ավելի խոր հետազոտության կարիք ունեն:

Խիստ ուշագրավ է բուն նեյտրոֆիլների հնարավոր դերը հիվանդության զարգացման գործում: Այդ բջիջները իմունային համակարգի առաջին արձագանքող տարրերից են և մասնակցում են բորբոքային գործընթացներին: Չնայած դրանք կարևոր են օրգանիզմի պաշտպանության համար, դրանց ակտիվությունը կարող է հանգեցնել հյուսվածքների, ներառյալ՝ անոթների վնասմանը, ինչն արդեն նկատվել է Ալցհեյմերի հիվանդության ժամանակ:

Այս փուլում նեյտրոֆիլների և լիմֆոցիտների հարաբերակցությունը դիտարկվում է որպես ռիսկի վաղ հայտնաբերման հեռանկարային մեթոդ, որը կարող է ճանաչողական խանգարումների հայտնվելուց շատ առաջ օգնել սկսել ախտորոշումը և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել: