Նոր խոշոր կլինիկական հետազոտությունը ցույց է տվել, որ արյան ճնշման դեմ GMRx2 համակցված դեղահաբը կարող է զգալիորեն նվազեցնել կրկնակի կաթվածի վտանգը կաթվածի ամենածանր տեսակներից մեկի՝ ուղեղի արյունազեղում տարած բուժառուների շրջանում:
TRIDENT հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են The New England Journal of Medicine բժշկագիտական հանդեսում, ցույց են տվել, որ պլացեբոյի համեմատ պատրաստուկն ընդունող բուժառուների շրջանում կրկնակի կաթվածի վտանգը նվազել է 39%-ով:
Հետազոտությանը մասնակցել է ներուղեղային արյունազեղումից հետո բարձր զարկերակային ճնշում ունեցող 1670 մարդ: Նրանք շուրջ երեք տարի ստանդարտ բուժմանը զուգահեռ ստացել են կամ նոր համակցված դեղահաբը, կամ պլացեբո:
GMRx2-ը միանգամից երեք ցածր դեղաչափով դեղամիջոց պարունակող մեկ դեղահաբ է՝ ճնշման իջեցման համար: Նման մոտեցումը հեշատցնում է բուժումը. մի քանի դեղամիջոցի փոխարեն բուժառուն օրական ընդամենը մեկ հաբ է ընդունում:
Դիտարկման ընթացքում կաթվածը կրկնվել է ապաքինվող խմբի բուժառուների 4,6%-ի և պլացեբոյի խմբի 7,4%-ի շրջանում: Նաև GMRx2 ընդունողների շրջանում զարկերակային ճնշումն ավելի լավ է վերահսկվել. միջինում այն սնդիկի սյունից 9 մմ-ով ավելի ցածր է եղել:
Կաթվածի վտանգի նվազեցումից զատ, բուժառուների շրջանում ավելի հազվադեպ են առաջացել սիրտ-անոթային լուրջ բարդություններ, ներառյալ ինֆարկտը և սրտային պատճառներից մահը. նման դեպքերը նվազել են մոտ 33%-ով:
Կարևոր է, որ նոր թերապիայի դեպքում լուրջ կողմնակի ազդեցություններն ավելի շատ չեն եղել, քան պլացեբոյի խմբում:
Գիտնականներն ընդգծում են. ճնշման վերահսկումը կրկնակի կաթվածների կանխարգելման առանցքային միջոցն է, սակայն գործնականում այն հաճախ անբավարար է լինում, քանի որ բուժառուների համար դժվար է կանոնավոր կերպով մի քանի տարբեր դեղամիջոցներ ընդունել: «Երեքի փոխարեն մեկ դեղահաբ» նոր մոտեցումը կարող է լուծել այդ խնդիրը:
Հետազոտողներն արդյունքներն անվանում են պոտենցիալ շրջադարձային կետ կրկնակի կաթվածների կանխարգելման գործում և ակնկալում են, որ պատրաստուկին ապագայում հնարավոր է հավանություն տրվի լայն կիրառման համար:






