Moderna դեղագործական ընկերությունը սկսել է թռչնագրիպի դեմ նոր պատվաստանյութի լայնամասշտաբ կլինիկական փորձարկումները՝ չնայած պետական ֆինանսավորման կրճատմանը, գրում է The Washington Post-ը:

Հետազոտությանը կմասնակցեն մոտ 4 հազար չափահասներ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: Առաջին կամավորներն արդեն ստացել են պատվաստանյութի դեղաչափը:

Պատրաստուկը հիմնված է ինֆորմացիոն ՌՆԹ-ի տեխնոլոգիայի վրա. նույնը, որն օգտագործվել է ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերում: Այդ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ավելի արագ մշակել պատվաստանյութեր և ավելի օպերատիվ արձագանքել նոր վիրուսներին:

Ավելի վաղ անցկացված փոքր փորձարկումները (մոտ 300 մարդու մասնակցությամբ) ցույց են տվել, որ պատվաստանյութն անվտանգ է և առաջացնում է սպասվող իմունային պատասխանը:

Ի սկզբանե նախագիծը պետական աջակցություն էր ստացել, սակայն ֆինանսավորումը կրճատվել է ինֆորմացիոն ՌՆԹ-ի պատվաստանյութերի վերաբերյալ քաղաքականության վերանայումից հետո: Իշխանությունները հայտարարել են, որ այդ տեխնոլոգիան «բավարար չափով ստուգված չէ» որոշակի կիրառությունների համար, հատկապես արագ մուտացիայի ենթարկվող վիրուսների, մասնավորապես՝ գրիպի և ՔՈՎԻԴ-19-ի դեմ:

Աշխատանքները շարունակելու համար միջոցների մի մասն ընկերությունը ստացել է համաճարակներին և պանդեմիաներին նախապատրաստվելու հարցերով զբաղվող CEPI միջազգային կազմակերպությունից:

Moderna-ում հայտարարում են, որ նախագծի նպատակն է պատրաստվել թռչնագրիպի հնարավոր ապագա համավարակներին և ստեղծել բնակչության պաշտպանության ավելի ճկուն համակարգ:

Փորձագետները միևնույն ժամանակ հիշեցնում են, որ ինֆորմացիոն ՌՆԹ-ի պատվաստանյութերը ՔՈՎԻԴ-19-ի համավարակի ժամանակ արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունն ու անվտանգությունը և հնարավորություն են տալիս զգալիորեն ավանդական մեթոդների համեմատ ավելի արագ մշակել նոր պատվաստանյութեր: