ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չեղարկել է գրիպի դեմ ամենամյա պարտադիր պատվաստումը բոլոր զինծառայողների համար: Այժմ զինվորներն իրենք կկարողանան որոշել՝ պատվաստվե՞լ, թե՞ ոչ:

Դրա մասին հայտարարել է ռազմական նախարար Փիթ Հեգսեթը՝ նշելով, որ պարտադիր պատվաստումը «չափազանց լայն միջոցառում է» և պետք է կախված լինի անհատական ընտրությունից, հայտնում է Associated Press-ը:

Ըստ նրա՝ առողջության վերաբերյալ որոշումները պետք է թողնեն հենց զինծառայողների հայեցողությանը՝ ապավինելով նրանց համոզմունքներին և անձնական հայացքներին:

Միաժամանակ, առանձին զորատեսակները դեռևս կարող են պահպանել պատվաստման պահանջը. համապատասխան հարցումներ ներկայացնելու համար նրանք 15 օր ունեն:

Պատմականորեն ԱՄՆ բանակում պատվաստումը գոյություն ունի վաղուց. դեռևս 18-րդ դարում Ջորջ Վաշինգտոնը հրամայել էր զինվորներին պատվաստել բնական ծաղիկի դեմ: Ավելի արդի ժամանակաշրջանում պատվաստման հարցերը հատկապես վիճահարույց դարձան ՔՈՎԻԴ-19-ի համավարակի ժամանակ, երբ պատվաստումները զինվորականների համար պարտադիր էին: Այն ժամանակ հազարավոր զինծառայողներ հրաժարվեցին պատվաստումից և հեռացվեցին աշխատանքից կամ ազատման թույլտվություն ստացան:

2023 թվականին ՔՈՎԻԴ-19-ի վերաբերյալ այդ պահանջը չեղարկվեց, և զինվորականների մի մասը հետագայում վերադարձավ ծառայության:

Գրիպի դեմ պարտադիր պատվաստման չեղարկման որոշումն ընդունվել է ԱՄՆ-ում գրիպի ծանր սեզոնի պայմաններում: Դրա հետ մեկտեղ, առողջապահության ոլորտի մասնագետները շարունակում են խորհուրդ տալ ամենամյա պատվաստումը 6 ամսականից բարձր բոլոր մարդկանց՝ որպես հիվանդության կանխարգելման հիմնական միջոց: