Գիտնականները հայտնել են կրծքագեղձի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակներից մեկի՝ եռակի բացասական քաղցկեղի (TNBC) դեմ նոր դեղամիջոցի միջազգային կլինիկական հետազոտության կարևոր արդյունքների մասին, գրում է Health Day-ը։
Քաղցկեղի այս տեսակը հանդիպում է պացիենտների մոտ 10–20%-ի մոտ. այն առավել հաճախ զարգանում է երիտասարդ կանանց շրջանում և դժվարությամբ է բուժվում, քանի որ չի արձագանքում հորմոնալ թերապիային, իսկ իմունոթերապիայի դեպքում արդյունավետությունը սահմանափակ է։ Այդ պատճառով հիմնական տարբերակը մնում է քիմիոթերապիան, որը հաճախ սահմանափակ ազդեցություն է ունենում:
Նոր հետազոտության ընթացքում փորձարկվել է դատոպոտամաբ դերուկստեկան (Dato-DXd) դեղամիջոցը։ Այն պատկանում է այսպես կոչված «հակամարմին-դեղորայքային կոնյուգատների» դասին. սրանք դեղեր են, որոնք կարելի է բնութագրել որպես «խելացի քիմիոթերապիա»:
Դրանք որոշակի թիրախի միջոցով գտնում են քաղցկեղային բջիջները և դեղամիջոցը հասցնում ուղիղ ուռուցքի ներսը՝ գրեթե չվնասելով առողջ հյուսվածքները:
Փորձարկմանը մասնակցել է տարածված կամ վիրահատության ոչ ենթակա եռակի բացասական քաղցկեղ ունեցող 644 պացիենտ։ Նրանք չեն կարողացել օգտվել իմունոթերապիայից։
Արդյունքները ցույց են տվել.
• Հիվանդությունը գրեթե երկու անգամ ավելի երկար է մնացել առանց առաջընթացի, քան ստանդարտ քիմիաթերապիայի դեպքում (10.8 ամիս ընդդեմ 5.6 ամսվա)։ • ուռուցքները փոքրացել են հիվանդների 63%-ի մոտ՝ քիմիաթերապիայի խմբում գրանցված 29%-ի համեմատ։ • միջին գոյատևումը կազմել է մոտավորապես 23.7 ամիս։
Բացի այդ, նոր դեղամիջոցն ավելի թեթև է եղել պացիենտների համար։ Կողմնակի ազդեցություններ (օրինակ՝ սրտխառնոց կամ լորձաթաղանթի բորբոքում) են նկատվել, սակայն դրանց պատճառով բուժումը դադարեցնելու դեպքերն ավելի քիչ են եղել, քան դասական քիմիոթերապիայի ժամանակ:
Հետազոտողներն այս արդյունքները համարում են նշանակալի առաջընթաց, քանի որ քաղցկեղի այս տեսակն ունեցողների համար մինչ այժմ արդյունավետ բուժման տարբերակները խիստ սահմանափակ են եղել:
Դեղամիջոցն այժմ գրանցման արագացված փուլ է անցնում կարգավորող մարմինների, այդ թվում՝ ԱՄՆ-ի FDA-ի կողմից և առաջիկա տարիներին կարող է դառնալ թերապիայի նոր ստանդարտ:






