Մարդկանց մեծամասնության համար հոտառությունը առօրյա կյանքի անբաժանելի մաս է. այն օգնում է կողմնորոշվել շրջակա միջավայրում, զգուշացնում վտանգների մասին, ուժեղացնում համի ընկալումը և սերտորեն կապված է հույզերի ու հիշողությունների հետ:

Մկների վրա կատարված հետազոտության արդյունքում գիտնականների խումբը առաջին անգամ ստեղծել է քթի խոռոչում ավելի քան հազար տեսակի հոտառական ընկալիչների դասավորության մանրամասն քարտեզը: Գիտնականները պարզել են, որ, հակառակ նախկին պատկերացումների, այդ ընկալիչներն արտահայտող նեյրոններն ունեն տարածական բարձր կարգավորվածություն. դրանք քթի խոռոչի վերին մասից մինչև ստորին մաս ձևավորում են հորիզոնական «շերտեր» (ըստ ընկալիչների տեսակների):

Հետազոտողները պարզել են, որ քթում ընկալիչների քարտեզը համապատասխանում է ուղեղի հոտառական կոճղեզում առկա հոտերի քարտեզներին, ինչն օգնում է հասկանալ, թե ինչպես է տեղեկատվությունը փոխանցվում քթից ուղեղ: Թեպետ այս բացահայտումը կարևոր հիմնարար արդյունք է, այն նաև հիմք է ստեղծում հոտառության կորստի բուժման մեթոդների մշակման համար, որի դեմ ներկայումս գործնականում արդյունավետ թերապիա չկա: Գիտնականներն ընդգծում են, որ անհնար է վերականգնել հոտառությունը՝  առանց դրա հիմնարար կառուցվածքը հասկանալու:

Նոր հետազոտության մեջ գիտնականները կիրառել են միաբջիջ սեքվենավորում և տարածական տրանսկրիպտոմիկա՝ վերլուծելով ավելի քան 300 մկների մոտավորապես 5,5 միլիոն նեյրոն: Առաջին տեխնոլոգիան թույլ է տվել պարզել, թե որ ընկալիչներն են արտահայտվում առանձին բջիջներում, իսկ երկրորդը՝ հաստատել հյուսվածքներում դրանց ճշգրիտ տեղաբաշխումը:

Արդյունքում պարզվել է, որ նեյրոնները քթի խոռոչի երկայնքով ձևավորում են խիտ, մասամբ համընկնող հորիզոնական շերտեր՝ կախված ընկալիչների տեսակից։ Այս կառուցվածքը կայուն էր բոլոր կենդանիների մոտ և համընկնում էր ուղեղում հոտառական քարտեզների կազմակերպման հետ։ Դա շատ նման է եղել տեսողության, լսողության և շոշափելու կառուցվածքին։

Գիտնականները նաև պարզել են այս քարտեզի ձևավորման մեխանիզմը։ Առանցքային դեր է խաղում ռետինոյաթթուն՝ գեների ակտիվությունը կարգավորող մոլեկուլը։ Քթի հյուսվածքում դրա գրադիենտը որոշում է, թե հատկապես ինչ տեսակի ընկալիչ կարտահայտի նեյրոնը՝ կախված իր դիրքից։ Ռետինոյաթթվի մակարդակի փոփոխությունը հանգեցնում է ամբողջ քարտեզի տեղաշարժմանը վեր կամ վար։ Հետազոտողները ցույց են տվել, որ զարգացման ընթացքում օրգանիզմն ընդունակ է ավելի քան հազար տեսակի հոտառական ընկալիչները դասավորել չափազանց ճշգրիտ և վերարտադրելի կառուցվածքի մեջ։

Հարվարդի համալսարանից Քեթրին Դուլակի լաբորատորիայի կողմից անցկացված լրացուցիչ հետազոտությունը հաստատել է այս արդյունքները։ Երկու աշխատանքներն էլ հրապարակվել են «Cell» ամսագրում։

Գիտնականներն այժմ ուսումնասիրում են, թե ինչու է քարտեզը հենց այս կերպ պատրաստված, ինչպես նաև հետազոտում են մարդու հոտառական հյուսվածքը և փորձում են հասկանալ, թե որքանով է այս կառուցվածքը պահպանվում տարբեր տեսակների մոտ։ Այս տվյալները կարող են օգնել հոտառության վերականգնման մեթոդների մշակման գործում։