Մարդկային գանգի ձեւը նկատելիորեն փոխվել է վերջին հարյուրամյակում: Այս եզրակացության են հանգել ճապոնացի հետազոտողները, որոնք համեմատել են 20-րդ դարասկզբի մարդկանց գլխի կառուցվածքը ժամանակակից մարդկանց գլխի կառուցվածքի հետ։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Biological Anthropology (АJВА) ամսագրում։

Գիտնականները վերլուծել են 1900-1920թթ. մահացած մարդկանց գանգերի համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) պատկերները և համեմատել դրանք 2022-2024թթ. մահացած ժամանակակից ճապոնացիների սքանավորման տվյալների հետ։ Ճշգրտության համար նրանք օգտագործել են 161 անատոմիական կետը 3D մոդելների վրա։

Պարզվել է, որ մեկ դարի ընթացքում գանգը դարձել է ավելի կլորավուն. ժամանակակից մարդկանց գլուխն ավելի քիչ է նման երկարավուն գլխի։ Ավելին, դեմքի գծերը փոխվել են. այտոսկրերը նեղացել են, վերին ծնոտը՝ լայնացել, իսկ քիթը դարձել է ավելի բարակ և ավելի ցայտուն։ Գիտնականները նաև գրանցել են ճակատի կարճացում և ականջների հետևում ոսկրային ելուստների աճ։

Ըստ հետազոտության ղեկավար Սիորի Ուսուիի՝ նման փոփոխությունները չափազանց արագ են կատարվել՝ էվոլյուցիայով բացատրվելու համար։ Այս տարբերությունները, հավանաբար, կապված են կենսակերպի հետ՝ մանկության շրջանում սննդի և առողջության բարելավում, ինչպես նաև անցում ավելի փափուկ սննդի, որը պահանջում է ավելի քիչ ծամելու ուժ և ազդում է դեմքի ոսկորների զարգացման վրա։

Անսպասելի արդյունք էր տղամարդկանց և կանանց միջև տարբերությունների աճը։ Տղամարդիկ ավելի ցայտուն հոնքերի ակոսներ, ավելի մեծ ոսկրային ելուստներ և ավելի արտահայված դեմք ունեին, քան կանայք։ Սա հակասում է այն ենթադրությանը, որ կենսակերպի մերձեցումը կհարթեցներ նման տարբերությունները։

Հեղինակները նշել են, որ նմանատիպ միտումներ կարող են նկատվել նաև այլ երկրներում, սակայն դա հաստատելու համար անհրաժեշտ են հետագա հետազոտություններ։