Դանիացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի կապ հղի կնոջ արյան բաղադրության և երեխայի մոտ ասթմայի զարգացման ռիսկի միջև։ Պարզվել է, որ եթե ապագա մոր արյան մեջ բացակայում է որոշակի ճարպաթթու՝ 12-HETE մոլեկուլը, ապա զգալիորեն մեծանում է հավանականությունը, որ երեխան վաղ տարիքում կունենա ասթմատիկ բրոնխիտ։ Աշխատանքը հրապարակվել է Cell Reports Medicine ամսագրում։
Հետազոտությունն իրականացրել են Կոպենհագենի համալսարանի և մանկական ասթմայի ուսումնասիրության դանիական COPSAC կենտրոնի մասնագետները։ Գիտնականները տասը տարի շարունակ հետևել են հարյուրավոր մայրերի և երեխաների՝ վերլուծելով հղիների արյունը, նորածինների շնչառական ուղիների միկրոբիոմը և երեխաների շրջանում շնչառական հիվանդությունների հաճախականությունը։
Հետազոտության առանցքային օբյեկտը 12-HETE ճարպաթթուն է՝ իմունային գործընթացների հետ կապված կենսաբանորեն ակտիվ մոլեկուլը։ Այն մայրերի երեխաների մոտ, որոնց արյան մեջ հղիության ընթացքում այդ մոլեկուլը չի հայտնաբերվել, կյանքի առաջին տասը տարիներին ասթմայի զարգացման ռիսկը 62%-ով ավելի բարձր է եղել։ Բացի այդ, նման երեխաներն ավելի հաճախ են ունեցել շնչառական վարակներ և արդեն մեկ ամսականում շնչուղիներում բակտերիաների զգալիորեն փոփոխված կազմ են ունեցել։
Հեղինակները կարծում են, որ 12-HETE-ը կարող է կարևոր դեր խաղալ պտղի իմունային համակարգի ձևավորման գործում դեռևս մոր արգանդում։ Ըստ հետազոտության ղեկավար Բո Հավեսի, այս մոլեկուլի պակասը, հավանաբար, խաթարում է իմունիտետի վաղ հասունացումը և ազդում թոքերի միկրոբիոմի վրա՝ մեծացնելով հակվածությունը վարակների և ասթմայի նկատմամբ։
Գիտնականները նաև ուսումնասիրել են հղիության ընթացքում օմեգա-3 հավելումների ազդեցությունը։ Նախկինում արդեն հայտնի էր, որ ձկան յուղն ընդունակ է նվազեցնել երեխաների մոտ ասթմայի ռիսկը, սակայն նոր հետազոտությունը կարևոր մանրամասն է բացահայտել. պաշտպանիչ ազդեցությունը նկատվել է միայն այն կանանց մոտ, որոնց արյան մեջ առկա է եղել 12-HETE-ը։ Այս խմբում երեխաների մոտ վաղ ասթմայի հավանականությունը 58%-ով ավելի ցածր է եղել՝ պլացեբոյի համեմատ։ Իսկ եթե մոլեկուլը բացակայել է, օմեգա-3-ը գրեթե ոչ մի ազդեցություն չի ունեցել։