Մետամֆետամինի օգտագործումը կարող է կապված լինել յուրաքանչյուր վեցերորդ կաթվածի հետ Կալիֆոռնիայում։ Այսպիսի եզրահանգման են եկել ամերիկացի հետազոտողները՝ վերլուծելով ավելի քան տասը տարվա տվյալները։ Աշխատանքը հրապարակվել է Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի ամսագրում։

Հետազոտությունն անցկացվել է Հյուսիսային Կալիֆոռնիայի Սանտա Կլարա Վելիի բժշկական կենտրոնում: Գիտնականներն ուսումնասիրել են 18-65 տարեկան 1 309 պացիենտների բժշկական գրառումները, որոնք 2012-2022թթ․ սրտի կաթված են ստացել: Նրանցից 194-ի մոտ մետամֆետամինի թեստը դրական է եղել կամ թմրանյութերի օգտագործումը փաստաթղթավորված էր: Հետազոտությունը պարզել է, որ սրտի կաթվածների մոտ 15 տոկոսը՝ գրեթե վեցից մեկը, կապված է եղել մետամֆետամինի օգտագործման հետ:

Հեղինակները նշել են, որ մետամֆետամին օգտագործող պացիենտները զգալիորեն տարբերվում էին սրտի տիպիկ պացիենտներից: Նրանք ավելի երիտասարդ էին՝ միջին տարիքը 52 տարեկան էր, մյուս պացիենտները՝ 57 տարեկան, և ավելի հաճախ՝ տղամարդիկ: Նրանց մոտ նաև ավելի ցածր էր դասական սրտանոթային ռիսկի գործոնների տարածվածությունը, ինչպիսին են բարձր խոլեստերինը, ճարպակալումը կամ 2-րդ տեսակի դիաբետը:

Չնայած դրան՝ այս պացիենտների մոտ սրտի կաթվածի հետևանքները զգալիորեն ավելի ծանր էին: Մետամֆետամին օգտագործողների պարագայում սրտի կաթվածից հետո մահանալու հավանականությունը գրեթե երկու անգամ ավելի էր, քան մյուս պացիենտների մոտ: Ավելին, հավանական էր, որ նրանք կրկին հիվանդանոցում կհայտնվեին սրտի նոր կաթվածով (դեպքերի 42.3 տոկոսը), չօգտագործողների շրջանում զգալիորեն ցածր ցուցանիշների համեմատ։

Մետամֆետամինը կենտրոնական նյարդային համակարգի հզոր սինթետիկ խթանիչ է, որը հայտնի է նաև որպես «բյուրեղային մետամֆետամին»։ Դրա օգտագործումը Միացյալ Նահանգներում զգալիորեն աճել է վերջին տասնամյակների ընթացքում, հատկապես Արևմտյան ափին։ Հետազոտողները զգուշացնում են, որ քանի որ թմրանյութը տարածվում է Միացյալ Նահանգների արևելյան մասում, սրտի կաթվածները կարող են ավելի ու ավելի տարածված դառնալ Կալիֆոռնիայից դուրս։

Գիտնականները նշել են, որ մետամֆետամինը կարող է վնասել արյան անոթները, կտրուկ բարձրացնել արյան ճնշումը և արագացնել սրտանոթային ծերացումը։ Մասնագետները նշել են, որ այս դեղամիջոցն օգտագործող մարդիկ կարող են սրտի հիվանդություն ձեռք բերել մոտ ութ տարի ավելի վաղ, քան մնացած բնակչությունը։