Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ Կալիֆոռնիայի դեռահասները համակարգված կերպով կաննաբիսը նվազ վնասակար են համարում, քան ոգելից խմիչքները, նիկոտինային վեյփերը և ծխախոտը: Աշխատանքը հիմնված է դպրոցական երկու խոշոր հարցումների վերլուծության վրա, որոնց մասնակցել է ավելի քան 175 հազար աշակերտ: Հետազոտությունն անցկացրել են Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները՝ պրոֆեսոր Շու-Հուն Չժուի գլխավորությամբ, իսկ արդյունքները հրապարակվել են Drug and Alcohol Dependence բժշկագիտական հանդեսում:

2019–2020 և 2024 թվականների տվյալների վերլուծությունը ցույց է տվել կայուն միտում. դեռահասները կաննաբիսն ընկալում են որպես տարածված հոգեակտիվ նյութերից ամենաքիչ վտանգավորը: Առաջին հարցման ժամանակ դեռահասների մոտ երկու երրորդը կաննաբիսի կանոնավոր օգտագործումը համարում էր վնասակար, մինչդեռ ալկոհոլը, ծխախոտը և վեյփերը գնահատվում էին որպես ավելի վտանգավոր: Ոոչ կանոնավոր օգտագործման դեպքում ընկալվող ռիսկի մակարդակը նվազում էր բոլոր նյութերի համար, սակայն կաննաբիսը դեռահասների աչքում միևնույն է մնում էր «ամենաանվտանգը»:

Կարևոր է, որ այդ պատկերը գրեթե չի փոխվել մի քանի տարի անց. 2024 թվականի տվյալներում հետազոտողներն արձանագրել են ռիսկի ընկալման նույն հիերարխիան:

Գիտնականները առանձնահատուկ ուշադրություն են դարձրել ընկալման վրա ազդող գործոններին: Պարզվել է, որ տարիքի հետ դեռահասները սկսում են կաննաբիսն էլ ավելի նվազ վտանգավոր համարել. եթե կրտսեր դպրոցականներն այն ավելի հաճախ են ընկալում որպես վնասակար, ապա 12-րդ դասարանում անհանգստության մակարդակը զգալիորեն նվազում է: Ոգելից խմիչքի և ծխախոտի դեպքում հակառակ կամ կայուն միտում է նկատվել:

Եվս մեկ կարևոր գործոն է անձնական փորձը: Այն դեռահասները, ովքեր արդեն փորձել էին այս կամ այն նյութը, զգալիորեն ավելի քիչ էին դրանք վնասակար համարում:

Ուժեղ ազդեցություն է ունեցել նաև սոցիալական միջավայրը: Որքան շատ ընկերներ են օգտագործել այս կամ այն արտադրանքը, այնքան ավելի ցածր են դեռահասները գնահատել դրա վնասը: Այդ ազդեցությունն առավել նկատելի է եղել հենց կաննաբիսի դեպքում, ինչն ընդգծում է դեռահասների խմբերում դրա օգտագործման հարցում սովորական երևույթ դառնալու դերը:

Հետազոտության հեղինակները նախազգուշացնում են. ռիսկի ցածր ընկալումը կարևոր գործոն է, որը կապված է օգտագործման ավելի բարձր հավանականության հետ: Չնայած վերջին տարիներին դեռահասների շրջանում կաննաբիսի օգտագործման ընդհանուր մակարդակը նվազել է, այն առաջվա պես անհանգստացնում է մասնագետներին՝ ուղեղի զարգացման, ճանաչողական գործառույթների և հոգեկան առողջության վրա հնարավոր ազդեցության պատճառով: