Journal of Occupational and Environmental Hygiene ամսագրում հրապարակված նոր ծավալուն հետազոտությունը պարզել է, որ ԱՄՆ գրեթե բոլոր բնակիչների արյան մեջ առկա են այսպես կոչված «հավերժական քիմիկատներ»՝ PFAS: Ընդ որում, մեծամասնության դեպքում խոսքը ոչ թե մեկ նյութի, այլ միանգամից մի քանի տեսակի մասին է։
Գիտնականները վերլուծել են արյան ավելի քան 10,500 նմուշ և PFAS են հայտնաբերել դրանց 98,8%-ում: Մարդկանց 98,5%-ի մոտ հայտնաբերվել են այս նյութերի տարբեր տեսակների խառնուրդներ։
PFAS-ը շուրջ 10,000 սինթետիկ միացությունների խումբ է, որոնք տասնամյակներ շարունակ օգտագործվել են արդյունաբերության մեջ։ Դրանք կարելի է գտնել ամենասովորական իրերում՝ չկպչող (անտիպրիգար) սպասքի, լաքերից պաշտպանող շերտ ունեցող հագուստի, փաթեթավորումների, էլեկտրոնիկայի, կոսմետիկայի և նույնիսկ բժշկական սարքավորումների մեջ։ Այս նյութերը թափանցում են ջրի, սննդի և շրջակա միջավայրի մեջ ու գրեթե չեն քայքայվում, ինչի պատճառով էլ ստացել են «հավերժական քիմիկատներ» անվանումը։
Թեև առողջության վրա դրանց ամբողջական ազդեցությունը դեռևս ուսումնասիրվում է, արդեն հայտնի է, որ որոշ PFAS-ներ կապված են քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի, վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումների, լյարդի խնդիրների, խոլեստերինի բարձր մակարդակի և իմունիտետի թուլացման հետ։
Հետազոտության ընթացքում ամենահաճախ հանդիպող նյութը PFAS-ի տեսակներից մեկն է եղել, որը հայտնաբերվել է մասնակիցների գրեթե 98%-ի մոտ։ Այն արդեն դասվում է այն միացությունների շարքին, որոնց նկատմամբ մի շարք երկրներում սահմանափակումներ են մտցվել (հնարավոր վնասակարության պատճառով)։
Աշխատության հեղինակներն ընդգծում են մի կարևոր հանգամանք. խոսքը ոչ թե առանձին քիմիկատների, այլ օրգանիզմում առկա մշտական «քիմիական կոկտեյլի» մասին է։ Մարդկանց մեծամասնության մոտ հայտնաբերվել են միանգամից մի քանի տեսակի PFAS-ներ՝ հիմնականում հինգ և ավելի։
Հետազոտողների կարծիքով՝ հենց սա է ամենամեծ անհանգստությունը պատճառում։ Երբ նյութերը գործում են միասին, դրանց ազդեցությունը կարող է ուժգնանալ և միաժամանակ հարվածել օրգանիզմի տարբեր համակարգերին (իմունայինից մինչև հորմոնալ)։
Գիտնականներն այս երևույթն անվանում են «խառնուրդի էֆեկտ» և կարծում են, որ հետագա ուսումնասիրություններն ու անվտանգության նորմերը պետք է հաշվի առնեն ոչ թե առանձին նյութերը, այլ դրանց համակցությունները։






