European Congress on Obesity-ում ներկայացված STEP UP հետազոտության նոր տվյալները ցույց են տալիս, որ Wegovy® դեղամիջոցի բարձրացված չափաբաժինը կարող է ապահովել քաշի էլ ավելի զգալի նվազում ճարպակալում ունեցող մարդկանց շրջանում, ընդ որում՝ զանգվածի հիմնական կորուստը բաժին է ընկնում ճարպային հյուսվածքին, իսկ մկանային ֆունկցիան պահպանվում է:

Novo Nordisk ընկերության իրականացրած հետազոտությունը համեմատել է Wegovy®-ի (սեմագլուտիդ) 7,2 մգ չափաբաժինն արդեն հաստատված 2,4 մգ չափաբաժնի և պլացեբոյի հետ: 72 շաբաթ տևողությամբ փորձարկմանը մասնակցել է ճարպակալում ունեցող ավելի քան 1400 չափահաս՝ առանց 2-րդ տիպի շաքարային դիաբետի:

7,2 մգ չափաբաժին ստացած մասնակիցները միջինում կորցրել են մարմնի զանգվածի 20,7%-ը: Համեմատության համար՝ 2,4 մգ խմբում նվազումը կազմել է 17,5%, իսկ պլացեբոյի խմբում՝ 2,4%:

Առանձին վերլուծությունը ցույց է տվել հատկապես արտահայտված արդյունք այսպես կոչված «վաղ արձագանքողների» շրջանում՝ բուժառուներ, որոնք բուժման առաջին 24 շաբաթվա ընթացքում կորցրել են մարմնի զանգվածի առնվազն 15%-ը: 72-րդ շաբաթվա դրությամբ նրանք դեղամիջոցի բարձր չափաբաժնի ընդունման դեպքում միջինում կորցրել են մարմնի զանգվածի 27,7%-ը:

Վաղ արձագանքողների կատեգորիային են դասվել 7,2 մգ սեմագլուտիդ ընդունող բուժառուների մոտ 27%-ը և 2,4 մգ չափաբաժին ստացողների մոտ 21%-ը:

Հետազոտողներն ընդգծել են, որ նույնիսկ այն բուժառուները, որոնք արագ վաղ արձագանք չեն ունեցել, միևնույն է, հասել են քաշի կլինիկորեն նշանակալի նվազման:

Մարմնի կազմության լրացուցիչ վերլուծությունը ցույց է տվել, որ կորցրած քաշի մոտ 84%-ը բաժին է ընկել հենց ճարպային հյուսվածքին, այլ ոչ թե մկաններին: Մագնիսառեզոնանսային շերտագրությամբ ևս բացահայտել է որովայնի շրջանում վիսցերալ ճարպի ծավալի ավելի քան 30%-ով նվազում:

Չնայած մկանային զանգվածի որոշակի նվազմանը՝ մասնակիցները պահպանել են ֆունկցիոնալ մկանային ուժը, իսկ մկանային հյուսվածքի որակը նույնիսկ բարելավվել է՝ մկաններում ճարպային ներառումների նվազման հաշվին:

Գիտնականները նշում են, որ նման արդյունքները հատկապես կարևոր են, քանի որ ճարպակալման բուժման ժամանակակից դեղամիջոցները գնահատվում են ոչ միայն քաշի նվազեցմամբ, այլև մարմնի առողջ կազմության և ֆիզիկական գործառույթի պահպանմամբ:

STEP UP հետազոտությունը նաև հաստատել է, որ 7,2 մգ չափաբաժնի անվտանգության և տանելիության պրոֆիլն ընդհանուր առմամբ համապատասխանում է Wegovy®-ի արդեն հաստատված 2,4 մգ չափաբաժնին:

Սեմագլուտիդի հիմքով Wegovy® դեղամիջոցը, որը Novo Nordisk մշակել է ընկերությունը, արդեն հաստատված է բազմաթիվ երկրներում՝ ճարպակալում կամ ավելորդ քաշ ունեցող չափահասների քաշի երկարատև վերահսկման համար՝ ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում:

Հետազոտողները ծրագրում են շարունակել սեմագլուտիդի բարձր չափաբաժինների արդյունավետության և անվտանգության ուսումնասիրությունը ավելի խոշոր և տևական հետազոտություններում, ներառյալ 2-րդ տիպի դիաբետ ունեցող բուժառուների շրջանում: