Գիտնականներն առաջարկել են քաղցկեղի բուժման արտասովոր մոտեցում՝ ձևափոխել գրիպի վիրուսն այնպես, որ այն կարողանա ընտրողաբար ախտահարել ուռուցքային բջիջները և օգնել իմունային համակարգին ոչնչացնել դրանք։ Այս մասին հայտնում է News Medical-ը՝ հղում անելով օնկոլիտիկ վիրուսային թերապիայի ոլորտում իրականացված հետազոտություններին։
Գաղափարի էությունը կայանում է նրանում, որ գրիպի վիրուսը վերածրագրավորում են այնպես, որ այն կորցնի առողջ հյուսվածքներում ազատ տարածվելու հատկությունը, սակայն միաժամանակ պահպանի քաղցկեղային բջիջների մեջ թափանցելու ունակությունը։ Հայտնվելով ուռուցքի ներսում՝ վիրուսն սկսում է բազմանալ և ներսից քայքայում է ախտահարված բջիջները։ Միևնույն ժամանակ, այս գործընթացն ուռուցքն ավելի «տեսանելի» է դարձնում իմունային համակարգի համար, որը հավելյալ ազդանշաններ է ստանում հարձակման համար։
Նմանատիպ տեխնոլոգիաները դասվում են օնկոլիտիկ վիրուսների ուղղությանը. դրանք գենետիկորեն ձևափոխված վիրուսներ են, որոնք հատուկ ստեղծվում են քաղցկեղային բջիջները վարակելու և ոչնչացնելու համար՝ առանց առողջ հյուսվածքներին վնաս հասցնելու։
Մի շարք փորձարարական մոդելներում արդեն իսկ ցույց է տրվել, որ նման վիրուսները կարող են «սառը» ուռուցքները (որոնք գրեթե չեն արձագանքում իմունային համակարգին) վերածել «տաք» ուռուցքների, որոնք ակտիվորեն գրոհվում են իմունային բջիջների կողմից։
Ընդ որում, խոսքը դեռևս նախակլինիկական կամ հետազոտությունների վաղ փուլերի մասին է. նման մեթոդներն անցնում են անվտանգության և արդյունավետության ստուգում, և կլինիկական լայն կիրառումից դեռևս հեռու են։






