Գիտնականները ստեղծել են նոր կրիչ սարք, որը «պոլիգրաֆի» սկզբունքով կարող է ոչ թե սուտը պարզել, այլ հետևել չափահասների և մանուկների սթրեսի մակարդակին, նշվել է այն հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։
Ի տարբերություն ավանդական մոտեցումների՝ նոր տեխնոլոգիան ամրագրում է սթրեսի թաքնված ֆիզիոլոգիական նշանները, որոնք օրգանիզմը կարող է ցուցադրել մինչ այն պահը, երբ մարդը գիտակցում է իր վիճակը։
Հետազոտության հեղինակ, Էվանսթոնի (Իլինոյսի նահանգ) Հյուսիսարևմտյան համալսարանի պրոֆեսոր Ջոն Ռոջերսի խոսքով՝ երկարատև սթրեսը կարող է բացասաբար ազդել հատկապես հղի կանանց, երեխաների և ծանր պացիենտների առողջության վրա։
Սարքը թեթև ծալովի սենսոր է, որը նման է վիրակապի, ամրացվում է կրծքին և իրական ժամանակի ռեժիմում հետևում է սրտի զարկերի հաճախակիությանը, շնչառությանը, քրտնարտադրությանը, արյան հոսքին և մարմնի ջերմաստիճանին։ Համակարգն այդ կերպ ֆիքսում է սթրեսի հետ կապված համալիր ֆիզիոլոգիական ռեակցիաները։
Սկզբում սարքը ստեղծվել է Էնն և Ռոբերտ Լուրիների անվան մանկական հիվանդանոցի (Չիկագո) մանկաբույժների խնդրանքով՝ բուժման ժամանակ երեխաների սթրեսի մակարդակը դիտարկելու համար։ Այժմ երեխաների վիճակի գնահատումը հաճախ հիմնվում է սուբյհեկտիվ դիտարկումների՝ լացի, դիմախաղի և շարժումների վրա, ինչն ախտորոշումը դարձնում է ոչ ստույգ։
Հետազոտողներն ընդգծել են, որ նոր սարքը թույլ է տալիս բացառել սուբյեկտիվությունը և անընդհատ հետևել պացիենտի վիճակին օրվա ընթացքում՝ ֆիքսելով ոչ միայն սթրեսի առկայությունը, այլև նրա ինտենսիվությունն ու տևողությունը։ Դա, նրանց խոսքով, կարող է օգնել բժիշկներին և պացիենտներին գնահատել սթրեսի նվազեցման մեթոդների արդյունավետությունը։
Փորձերի ընթացքում սարքը ֆիքսել է սթրես-ռեակցիաների աճը բարդ խնդիրներ կատարելիս, զգայական հարցերին պատասխանելիս, և սառը ջրի ազդեցությունը։ Բժիշկների թրենինգներում պարզվել է, որ սթրեսի ավելի բարձր մակարդակը հարաբերակցվում է ծայրահեղ պայմաններում որոշումների կայացման վատթարացման հետ։
Հետագայում հետազոտողները նախատեսում են ընդլայնել փորձերը և կատարելագործել տեխնոլոգիան՝ այդ թվում ավելացնելով ուղեղի ակտիվության գրանցման հնարավորությունը՝ սթրեսն ու ցավն ավելի ստույգ տարբերելու համար։






