Նոր կլինիկական հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ պսիլոցիբինի (սնկային ծագման հոգեմետ նյութ) նույնիսկ մեկ դոզան կարող է արդյունավետ միջոց դառնալ կոկաինային կախվածության բուժման համար, գրում է The Guardian-ը։

Այս ամիս JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ այն 19 մասնակիցները, ովքեր ստացել են պսիլոցիբինի մեկ դոզա, ավելի երկար ժամանակ են զերծ մնացել կոկաին օգտագործելուց, քան պլացեբո (տվյալ դեպքում՝ դիֆենհիդրամին՝ տարածված հակահիստամինային դեղամիջոց) ստացած 17 մասնակիցները։

Երկու խմբերի մասնակիցներն էլ աշխատել են հոգեթերապևտի հետ՝ ստացված փորձառությունն իմաստավորելու և վերլուծելու համար։

Բիրմինգհեմի Ալաբամայի համալսարանի վարքագծային առողջության պրոֆեսոր և հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Փիթեր Հենդրիքսը նշել է, որ կոկաինի օգտագործմամբ պայմանավորված խանգարումների բուժման ուղիների որոնումը չափազանց արդիական է մի քանի պատճառով։ Այսօրվա դրությամբ ԱՄՆ սննդամթերքի և դեղերի որակի ստուգման գործակալության (FDA) կողմից հաստատված ոչ մի դեղամիջոց չկա, որը նախատեսված կլիներ կոկաինից կամ այլ խթանիչներից (օրինակ՝ մեթամֆետամինից) կախվածության բուժման համար։

Ավելի քան տասը տարի առաջ Հենդրիքսն ուղիներ է փնտրել այն մասին, թե ինչպես օգտագործել պսիլոցիբինը՝ հանցավորության մակարդակն ու կրկնահանցագործությունների թիվը նվազեցնելու համար։ Նա նշել է, որ Բիրմինգհեմի տեղական խոշոր տվյալների բազան ցույց է տվել, որ կոկաինի օգտագործումը «քրեական արդարադատության համակարգում հայտնվելու և կրկնակի իրավախախտումներ կատարելու ամենաուժեղ կանխորոշիչն է»։

Յեյլի բժշկական դպրոցի կլինիկական հոգեբան Գաբրիել Ագին-Լիբեսը նշել է, որ «պսիլոցիբինը տարբերվում է» կախվածության բուժման համար կիրառվող դեղամիջոցների մեծ մասից, որոնք «ազդում են նույն նեյրոքիմիական համակարգերի վրա, ինչ հենց ինքը՝ կախվածություն առաջացնող նյութը»։ Օրինակ՝ օփիոիդային կախվածության բուժման դեղերը ներգործում են նույն ռեցեպտորների վրա, ինչ օփիոիդները, իսկ նիկոտինային սպեղանիները կարող են ավելի անվտանգ տարբերակով փոխարինել ծխախոտի նիկոտինին։

Նրա խոսքով՝ պսիլոցիբինը «սովորաբար ընդամենը մեկ սեանսի ընթացքում և համակարգված հոգեթերապիայի հետ համատեղ իրականացված գործողության ընթացքում առաջացնում է գիտակցության խորը փոփոխված վիճակ»։ Նա ընդգծել է, որ պսիլոցիբինն այնպիսի դեղամիջոց է, որը պետք չէ ընդունել շարունակաբար։

«Այն ավելի շուտ խթանիչ դեղամիջոց է՝ թերապևտիկ գործընթացի ներսում»,- հավելել է Ագին-Լիբեսը։

Ենթադրվում է, որ հոգեթերապևտի օգնությամբ ընդունված նույնիսկ մեկ դոզան կարող է նպաստել սեփական անձի հանդեպ հայացքների փոփոխությանը և ինքնակարեկցանքի զարգացմանը, ինչն էլ օգնում է մարդկանց փոխել իրենց վարքագիծը։ Ագին-Լիբեսի խոսքով՝ պսիլոցիբինը կարող է հատկապես արդյունավետ լինել կոկաինային կախվածության դեպքում, քանի որ կոկաինից հրաժարվելու ախտանիշներն ավելի շատ հոգեբանական են, այլ ոչ թե ֆիզիկապես ցավոտ (ինչպես օփիոիդներից կամ ալկոհոլից կախվածության ժամանակ)։ Կոկաինի դադարեցման տարածված ախտանիշներից են մղձավանջները, դյուրագրգռությունը, դեպրեսիան և թմրանյութի հանդեպ ունեցած ուժեղ հակումը։

Այս հետազոտությունն ուշագրավ է նաև նրանով, որ դարձել է հոգեակտիվ նյութերի առաջին կլինիկական փորձարկումը, որտեղ մասնակիցների մեծամասնությունը եղել են սևամորթներ։ Թեև պսիխոդելիկների օգտագործմամբ հոգևոր բազմաթիվ ծեսեր սկիզբ են առել Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի բնիկ համայնքներում, ԱՄՆ-ում պսիխոդելիկների ժամանակակից մշակույթը հաճախ ասոցացվում է Սիլիկոնյան հովտի և ապահովված սպիտակամորթ մտավորականների հետ։

Ագին-Լիբեսը նշել է, որ վերջերս կատարված համակարգված վերլուծությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում պսիխոդելիկների կլինիկական փորձարկումների մասնակիցները, որպես կանոն, ունենում են ավելի բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակ և, ի տարբերություն ընդհանուր բնակչության, անհամեմատ ավելի հաճախ են լինում սպիտակամորթների մոտ։

«Այս հետազոտության համար ընտրված խումբն արտացոլում է Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում կոկաինային կախվածություն ունեցող և օգտագործումը դադարեցնել ցանկացող մարդկանց իրական պատկերը»,- ընդգծել է Հենդրիքսը։