Ծավալուն միջազգային հետազոտությունը ցույց է տվել, որ հարուստ երկրներից շատերում ճարպակալման մակարդակն աստիճանաբար կայունանում է, մինչդեռ զարգացող պետություններում այս խնդիրն օրեցօր ավելի է խորանում։
Այս ուսումնասիրությունը հրապարակվել է Nature ամսագրում՝ «Non-Communicable Disease Risk Factor Collaboration» (NCD-RisC) համախմբի կողմից։ Այն հիմնված է 45 տարվա ընթացքում 5 տարեկանից բարձր 232 միլիոն մարդու տվյալների վերլուծության վրա։
Գիտնականները պարզել են, որ Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Ավստրալազիայի և Ասիայի մի շարք երկրներում ճարպակալման տարածման տեմպերը դանդաղել են կամ նույնիսկ մի փոքր նվազում են գրանցել․ դա հատկապես նկատելի է երեխաների ու դեռահասների շրջանում։
Դրան զուգահեռ՝ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում ճարպակալման կտրուկ աճ է նկատվում։ Սա առաջին հերթին վերաբերում է Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի և Խաղաղօվկիանոսյան կղզիների երեխաներին ու դեռահասներին։
Հետազոտողներն ընդգծել են, որ ճարպակալումը լոկ ավելորդ քաշի խնդիր չէ, այլ լուրջ հիվանդություն։ Այն զգալիորեն մեծացնում է սրտի, լյարդի, երիկամների, շնչառական համակարգի և հենաշարժական ապարատի հիվանդությունների առաջացման վտանգը։ Այս ռիսկերն առավել ակնառու են դարձել COVID-19 համավարակի ժամանակ, երբ ճարպակալում ունեցող մարդիկ ավելի հաճախ են հիվանդությունը ծանր տարել և հոսպիտալացման կարիք ունեցել։
Աշխատության հեղինակների կարծիքով՝ հարուստ երկրներում ճարպակալման աճի դանդաղմանը կարող են նպաստել առողջ սննդի հասանելիությունը, բնակչության իրազեկվածությունն ու առողջապահական համակարգի քայլերը։ Իսկ զարգացող երկրներում, ընդհակառակը, ուրբանիզացիան, նստակյաց կյանքն ու վերամշակված սննդից կախվածությունը միայն արագացնում են խնդրի տարածումը։
Գիտնականները գալիս են այն եզրակացության, որ ճարպակալման համաշխարհային խնդիրը հնարավոր չէ լուծել բոլորի համար նույնանման մեթոդներով, քանի որ միտումները տարբեր տարածաշրջաններում էապես տարբերվում են։






