Սթենֆորդի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ էթնիկ ծագումն ու բնակության վայրը կարող են էականորեն ազդել մարդու օրգանիզմում ընթացող կենսաբանական գործընթացների, այդ թվում՝ նյութափոխանակության, իմունիտետի, աղիքային միկրոֆլորայի և ծերացման արագության վրա։
Cell ամսագրում հրապարակված հետազոտությանը մասնակցել է եվրոպական, արևելաասիական և հարավասիական ծագում ունեցող 322 առողջ մարդ, որոնք բնակվում են Ասիայում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ Համեմատելով տարբեր տարածաշրջաններում ապրող, բայց նույն ծագումն ունեցող մարդկանց տվյալները՝ հետազոտողներին հաջողվել է տարանջատել գենետիկայի ազդեցությունը շրջակա միջավայրի գործոններից։
Մարդկային բազմազանության մանրամասն մոլեկուլային քարտեզը ստանալու համար գիտնականները վերլուծել են կենսաբանական ցուցանիշների լայն շրջանակ՝ ներառյալ սպիտակուցները, լիպիդները, միկրոօրգանիզմներն ու մետաբոլիտները (նյութափոխանակության արգասիքները)։ Աշխատության համահեղինակ Մայքլ Սնայդերը նշել է, որ սա իր տեսակի մեջ ամենածավալուն ուսումնասիրություններից մեկն է։
Հետազոտողները վեր են հանել էթնիկ ծագմամբ պայմանավորված մի քանի կենսաբանական առանձնահատկություններ։ Այսպիսով՝ հարավասիական ծագում ունեցող մասնակիցների մոտ հայտնաբերվել են ախտածինների ավելի մեծ ազդեցության հետքեր, մինչդեռ եվրոպական ծագմամբ մարդկանց շրջանում նկատվել է աղիքային միկրոֆլորայի ավելի մեծ բազմազանություն և սրտանոթային հիվանդությունների հետ կապված մետաբոլիտների բարձր մակարդակ։ Այս օրինաչափությունները պահպանվել են՝ անկախ բնակության վայրից, ինչը փաստում է գենետիկայի զգալի ազդեցության մասին։
Միևնույն ժամանակ, աշխարհագրական միջավայրը նույնպես ակնհայտորեն անդրադարձել է մարդու կենսաբանության վրա։ Այն մարդկանց մոտ, որոնք ապրում են իրենց նախնիների պատմական հայրենիքից դուրս, փոփոխություններ են արձանագրվել խոլեստերինի փոխանակության, լեղաթթուների սինթեզի և աղիքային միկրոբիոմի կազմի մեջ։
Հետազոտության ամենաուշագրավ բացահայտումներից մեկը բնակության վայրի և կենսաբանական տարիքի միջև կապն է։ Ասիայից դուրս ապրող արևելաասիացիների մոտ արձանագրվել է կենսաբանական ավելի բարձր տարիք՝ ի տարբերություն Ասիայում բնակվողների։ Եվրոպացիների շրջանում նկատվել է հակառակ միտումը. Եվրոպայից դուրս ապրողները կենսաբանորեն ավելի երիտասարդ տեսք են ունեցել։
Բացի այդ, հետազոտողները պոտենցիալ մոլեկուլային կապ են հայտնաբերել աղիքային բակտերիաների և բջջային ծերացման միջև։ Աշխատանքում վեր է հանվել թելոմերազի գենի, Oscillospiraceae UCG-002 բակտերիայի և լիպիդային մոլեկուլ հանդիսացող սֆինգոմիելինի փոխկապակցվածությունը, ինչը կարող է նոր ուղղություններ բացել ծերացման գործընթացների ուսումնասիրության մեջ։
Հեղինակների կարծիքով՝ այս արդյունքները կնպաստեն անհատականացված բժշկության զարգացմանը՝ թույլ տալով ավելի լավ հասկանալ, թե ինչպես են գենետիկան ու շրջակա միջավայրը համատեղ ազդում տարբեր խմբերի մարդկանց առողջության և հիվանդությունների առաջացման ռիսկի վրա։






