Կանայք կարող են ավելի խոցելի լինել դեմենցիայի տարածված ռիսկի գործոնների բացասական ազդեցության նկատմամբ, քան տղամարդիկ: Նման եզրակացության են եկել Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի Բժշկական դպրոցի հետազոտողները:

Հետազոտության ընթացքում վերլուծվել են միջին և տարեց հասակի ավելի քան 17 հազար մարդկանց առողջական և կոգնիտիվ վիճակի վերաբերյալ տվյալները: Գիտնականները պարզել են, որ դեմենցիայի որոշ փոփոխվող ռիսկի գործոններն ավելի ուժեղ են ազդում կանանց ուղեղի առողջության վրա: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Biology of Sex Differences ամսագրում:

Հետազոտողները հայտնաբերել են, որ սիրտ-անոթային և նյութափոխանակության առողջության հետ կապված վիճակները, ներառյալ զարկերակային բարձր ճնշումը և մարմնի զանգվածի բարձր ինդեքսը, ավելի սերտորեն են կապված եղել կանանց կոգնիտիվ ֆունկցիաների անկման հետ: Լսողության կորուստը և դիաբետը, չնայած տղամարդկանց շրջանում դրանց ավելի մեծ տարածվածությանը, նույնպես ասոցացվել են կոգնիտիվ ավելի վատ ցուցանիշների հետ հենց կանանց մոտ:

Բացի այդ, կանայք ավելի հաճախ են հայտնել դեպրեսիայի, ցածր ֆիզիկական ակտիվության և քնի հետ կապված խնդիրների մասին. գործոններ, որոնք կապվում են դեմենցիայի բարձր ռիսկի հետ: Նաև կանանց մոտ միջինում արձանագրվել է կրթության մի փոքր ավելի ցածր մակարդակ, ինչը ևս կապում են հետագա կոգնիտիվ վատթարացման հետ:

Հետազոտության հեղինակ Մեգան Ֆիցհյուն նշել է, որ դեմենցիայի կանխարգելման ռազմավարությունները, հավանաբար, պետք է մշակվեն առանձին կանանց և տղամարդկանց համար: Ըստ գիտնականների՝ կարևոր է հաշվի առնել ոչ միայն ռիսկի գործոնների տարածվածությունը, այլև այն, թե որքան ուժեղ են դրանք ազդում ճանաչողական ֆունկցիաների վրա:

Հետազոտողները հիշեցնում են, որ ԱՄՆ-ում Ալցհայմերի հիվանդությամբ պացիենտների գրեթե երկու երրորդը կանայք են: Չնայած կանայք միջինում ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ, սակայն միայն կյանքի տևողությամբ այս տարբերությունը բացատրել հնարավոր չէ:

Ստացված արդյունքները սատարում են անհատականացված բժշկության զարգացմանը, որը ենթադրում է կանխարգելման և բուժման հարմարեցում՝ հաշվի առնելով անհատական առանձնահատկությունները, ներառյալ սեռը: Գիտնականները կարծում են, որ դեպրեսիայի բուժմանը, ֆիզիկական ակտիվության բարձրացմանը և սիրտ-անոթային առողջության վերահսկմանն ուղղված հատուկ ուշադրությունը կարող է օգնել նվազեցնել կանանց մոտ դեմենցիայի ռիսկը:

Հեղինակներն ընդգծում են, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ հայտնաբերված տարբերությունների պատճառներն ավելի լավ հասկանալու համար: Որպես հնարավոր գործոններ դիտարկվում են հորմոնալ առանձնահատկությունները, գենետիկան և բժշկական օգնության հասանելիության տարբերությունները: