Ըստ նոր հետազոտության՝ Ալցհեյմերի հիվանդության փորձարարական դեղամիջոցը կարող է նաև օգնել նվազեցնել ուղեղի վնասվածքը և բորբոքումը, որոնք կապված են ալկոհոլային աբստինենցիայի (ալկոհոլային քաղցի համախտանիշի) հետ:

Կենտուկիի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են MW150 միացությունը, որն ի սկզբանե մշակվել էր Ալցհեյմերի հիվանդության թեթև և միջին ծանրության ձևերի բուժման համար: Դեղամիջոցն ազդում է ուղեղի բորբոքային ուղու վրա, որը հայտնի է որպես p38α MAPK, և որը ենթադրաբար կապված է կախվածության և ռեցիդիվների ժամանակ առաջացող նեյրոբորբոքման հետ:

Լաբորատոր փորձերի և կենդանիների մոդելների վրա ցույց է տրվել, որ MW150-ը նվազեցնում է բորբոքային մարկերների մակարդակն ալկոհոլային աբստինենցիայի ընթացքում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alcohol հանդեսում և իրականացվել են Sanders-Brown ծերացման կենտրոնում:

Գիտնականները ենթադրում են, որ նեյրոբորբոքումը կարող է մեծացնել ռեցիդիվի վտանգը և ուղեղի երկարաժամկետ վնասվածքներ առաջացնել ալկոհոլային կախվածություն ունեցող մարդկանց շրջանում: Այս բորբոքման նվազեցումը տեսականորեն կարող է թեթևացնել հրաժարման ախտանիշները և բարելավել ապաքինման գործընթացը:

Ըստ հետազոտության համահեղինակ Քալեբ Բեյլիի՝ արդյունքները կենսաբանական հիմնավորում են տալիս այն ենթադրությանը, որ ուղեղում բորբոքային գործընթացների վրա ազդելը կարող է նվազեցնել աբստինենցիայի բացասական հետևանքները: Նա նշել է, որ ալկոհոլային կախվածությունը շարունակում է դժվար բուժելի մնալ ռեցիդիվների բարձր մակարդակի պատճառով, հատկապես ալկոհոլից հրաժարվելու շրջանում:

MW150-ը և դրան հարակից Neflamapimod միացությունն արդեն անցնում են կլինիկական փորձարկումներ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում՝ դեմենցիայի բուժման համար: Ըստ հետազոտողների՝ դա հնարավորություն է ստեղծում դրանք այլ նպատակով կիրառել ալկոհոլային կախվածության բուժման համար, եթե հետագա հետազոտություններում դրանց արդյունավետությունը հաստատվի:

Ընդսմին, գիտնականներն ընդգծում են աշխատանքի սահմանափակումները. արդյունքները ստացվել են բջջային և կենդանական մոդելների վրա, որոնք լիովին չեն արտացոլում մարդու ուղեղում տեղի ունեցող գործընթացները:

Հետազոտությանը չմասնակցած փորձագետները նշում են, որ դետոքսիկացիան օգնում է կանխել սուր բարդությունները, սակայն բուն կախվածությունը չի բուժում: Նրանց կարծիքով՝ հակաբորբոքային դեղամիջոցները կարող են լրացուցիչ գործիք դառնալ բուժման վաղ փուլում:

Ընդգծվում է նաև, որ բժշկական տեսանկյունից ալկոհոլի օգտագործման անվտանգ մակարդակ գոյություն չունի, իսկ դրա սպառման նվազեցումը շարունակում է մնալ վնասի կանխարգելման ամենաարդյունավետ ռազմավարությունը: