Ամերիկացի կենսաբանների հետազոտությունը կարող է օգնել նյարդային համակարգում սպիտակարյունության մետաստազների ոչնչացման նոր մեթոդների մշակմանը և բարձրացնել քաղցկեղի այս տեսակի բուժման արդյունավետությունը:
ԱՄՆ-ից մոլեկուլային կենսաբանների խումբը պարզել է, որ պղնձի իոնները ուղեղ և կենտրոնական նյարդային համակարգ թափանցելուց հետո կարևոր դեր են խաղում սուր լիմֆոբլաստային լեյկոզի բջիջների գոյատևման և բազմացման գործում: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature Cancer բժշկագիտական հանդեսում:
Ինչպես նշում են գիտնականները, քաղցկեղային բջիջների ներթափանցումն ողնուղեղային հեղուկ սովորաբար հանգեցնում է ծանր բարդությունների ուռուցքների մեծամասնության դեպքում: Սուր լիմֆոբլաստային սպիտակարյունության ժամանակ նման ախտահարումները հաճախ հաջողվում է վերահսկել քիմիաթերապիայի միջոցով, սակայն մի շարք դեպքերում բուժումն անարդյունավետ է լինում և կարող է մեծացնել երեխաների ճանաչողական զարգացման խանգարումների ռիսկը:
Ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես են ուռուցքային բջիջները հարմարվում կենտրոնական նյարդային համակարգի պայմաններին, Հարվարդի համալսարանի դոցենտ Նաամա Կանարեկի գլխավորած հետազոտողներն ուսումնասիրել են դրանց վարքագիծն ողնուղեղային հեղուկի միջավայրում, որը խիստ սակավ սննդանյութեր է պարունակում: Փորձարկումներ են անցկացվել նաև ճնշված իմունային համակարգով մկների վրա, որոնց ուղեղ են ներարկել լեյկոզի բջիջներ, ապա հետևել դրանց տարածմանը և նյութափոխանակության հետ կապված գեներում տեղի ունեցող փոփոխություններին:
Փորձերը ցույց են տվել, որ ուռուցքային բջիջների գոյատևման համար չափազանց կարևոր են SLC31A1 գենը և պղնձի տեղափոխման համար պատասխանատու այլ մեխանիզմներ: Դրանց վնասումը հանգեցնում է էներգետիկ նյութափոխանակության խանգարման և բջիջների՝ բաժանվելու ու ԴՆԹ-ի սինթեզի ունակության նվազման:
Այս տվյալների հիման վրա գիտնականները փորձեր են իրականացրել պղնձի մակարդակը նվազեցնող նյութերի կիրառմամբ՝ ինչպես բջջային կուլտուրաներում, այնպես էլ լաբորատոր կենդանիների օրգանիզմներում: Բացի դրանից, մկներին անցկացրել են պղնձի ցածր պարունակությամբ սննդակարգի: Բոլոր դեպքերում այս տարրի պակասը դանդաղեցրել է ուռուցքների աճը, ինչը կարող է հիմք դառնալ գոյություն ունեցող թերապիայի մեթոդների արդյունավետության բարձրացման համար:
Սուր լիմֆոբլաստային սպիտակարյունությունը վաղ տարիքի երեխաների շրջանում արյան քաղցկեղի առավել տարածված տեսակներից մեկն է: Չնայած ժամանակակից բուժման մեթոդների բարձր արդյունավետությանը, պացիենտների մի մասի մոտ հնարավոր են կրկնություններ՝ ուղեղի և այլ օրգանների ախտահարմամբ:






