Նոր խոշոր տեսությունը ցույց է տվել, որ թեև ծնողների դեպրեսիան կապված է երեխաների աուտիզմի և ՈւԱՀՀ-ի (ուշադրության անբավարարության և հիպերակտիվության համախտանիշ) առաջացման բարձր հավանականության հետ, հղիության ընթացքում հակադեպրեսանտների ընդունումն ինքնին, ըստ ամենայնի, չի մեծացնում այդ վտանգը՝ հոգեկան առողջության ընտանեկան գործոնները հաշվի առնելուց հետո:
Հոնկոնգի համալսարանի գիտնականները վերլուծել են 37 հետազոտություն, որոնք ընդգրկել են ավելի քան 25 միլիոն հղիություն: Նախնական տվյալները ցույց են տվել, որ հղիության ընթացքում հակադեպրեսանտներ ընդունած կանանց երեխաները հետագայում ավելի հաճախ են ախտորոշվել աուտիզմի սպեկտրի խանգարմամբ կամ ուշադրության անբավարարության և հիպերակտիվության համախտանիշով:
Սակայն այդ կապն անհետացել է այնպիսի գործոններ հաշվի առնելուց հետո, ինչպիսիք են նյարդազարգացման խանգարումների ընտանեկան պատմությունը և ծնողների մոտ նախկինում առկա հոգեկան հիվանդությունները:
Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ երեխայի աուտիզմի կամ ՈւԱՀՀ-ի հավանականությունը բարձրացել է նաև այն դեպքերում, երբ հղիության ընթացքում հակադեպրեսանտներ ընդունել է հայրը, նույնիսկ եթե մայրը հոգեբուժական դեղամիջոցներ չի օգտագործել: Հետազոտողների կարծիքով՝ այդ հանգամանքը մատնանշում է ընդհանուր գենետիկայի և ընտանեկան հոգեկան առողջության հնարավոր դերը, այլ ոչ թե դեղամիջոցների ազդեցությունը:
Արդյունքները հրապարակվել են The Lancet բժշկագիտական հանդեսում:
Հետազոտության ավագ հեղինակ Վինգ-Չունգ Չանգը հայտարարել է, որ եզրակացությունները համապատասխանում են գործող կլինիկական ուղեցույցներին, որոնք սովորաբար պաշտպանում են հղիության ընթացքում հակադեպրեսանտներով թերապիայի շարունակումը՝ բժշկական ցուցումների առկայության դեպքում:
Գիտնականները հիշեցրել են, որ հղիության ընթացքում հակադեպրեսանտների ընդունման շուրջ անհանգստությունը սաստկացել էր 2015 թվականի լայնորեն քննարկված կանադական հետազոտությունից հետո, որը հայտնել էր հակադեպրեսանտների և աուտիզմի ռիսկի միջև հնարավոր փոխադարձ կապի մասին: Սակայն հետագա հետազոտություններն ավելի ու ավելի հաճախ են ցույց տվել, որ ավելի կարևոր գործոն կարող է լինել հենց ծնողների դեպրեսիան:
Փորձագետները նշել են, որ աուտիզմը և դեպրեսիան հաճախ հանդիպում են միևնույն ընտանիքներում և կարող են ունենալ ընդհանուր գենետիկական և կենսաբանական մեխանիզմներ: Նրանք ընդգծել են, որ հղիության ընթացքում չբուժված դեպրեսիան նույնպես կարող է լրջորեն սպառնալ մոր և երեխայի առողջությանը:
Հոգեբույժները հավելել են, որ հղիության ընթացքում հակադեպրեսանտների ընդունման մասին որոշումները պետք է ընդունվեն՝ հաշվի առնելով ինչպես դեղամիջոցների հնարավոր ռիսկերը, այնպես էլ ծանր դեպրեսիայի բուժումից հրաժարվելու վտանգը:






