Գլխացավը վաղուց է համարվում եղանակի փոփոխության ամենատարածված հետևանքներից մեկը, սակայն մինչ այժմ հետազոտողներին չէր հաջողվում ճշգրիտ սահմանել, թե մթնոլորտային հատկապես որ պայմաններն են առավել վտանգավոր միգրենի հակում ունեցող մարդկանց համար։ Ցինցինատիի համալսարանի, Սինայ լեռան Իկանի բժշկական դպրոցի և մի շարք այլ գիտական կազմակերպությունների մասնագետների նոր հետազոտությունը թույլ է տվել մոտենալ այս հարցի պատասխանին։
Ինչպես գրում է Medical Xpress-ը, հետազոտության արդյունքները ներկայացվել են 2026 թվականի հունիսին կայացած Ամերիկյան գլխացավի ընկերության (American Headache Society) ամենամյա համաժողովում։
Աշխատանքի ընթացքում գիտնականները վերլուծել են էպիզոդիկ միգրենով տառապող պացիենտների օրագրերի հազարավոր գրառումներ և դրանք համադրել մի քանի տարվա մանրամասն օդերևութաբանական տվյալների հետ։ Առանձին պարամետրեր ուսումնասիրելու փոխարեն՝ հետազոտողները դիտարկել են համալիր եղանակային համակարգերն ու մարդու օրգանիզմի վրա դրանց ազդեցությունը։
Պարզվել է, որ առավել վտանգավոր են եղանակային պայմանների երկու տեսակներ։ Առաջինը՝ ցուրտ ճակատի կամ ցածր ճնշման գոտու մոտեցումն է, որն ուղեկցվում է տեղումներով։ Նման պայմաններ կարող են առաջանալ տարվա ցանկացած եղանակի և կապված են նոր գլխացավի ի հայտ գալու բարձր հավանականության հետ։ Երկրորդ գործոնը այսպես կոչված Բերմուդյան անտիցիկլոնն է՝ բարձր ճնշման հսկայական գոտի, որը զգալի ազդեցություն է ունենում Հյուսիսային Ամերիկայի արևելյան հատվածի ամառային եղանակի վրա։ Հենց դրա ակտիվության շրջանում հետազոտողները նույնպես նկատել են նոպաների թվի աճ։
Հեղինակները նշում են, որ սա առաջին հետազոտություններից մեկն է, որն ուղղակիորեն կապում է մթնոլորտային ճակատների անցումը միգրենի առաջացման հետ։ Մասնագետների կարծիքով՝ զգայուն մարդկանց մոտ նոպաների առաջացման գործում առանցքային դեր կարող են խաղալ հենց եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունները, այլ ոչ թե ջերմաստիճանի կամ խոնավության առանձին ցուցանիշները։
Մեկ այլ կարևոր արդյունք էր միգրենի կանխարգելման համար կիրառվող ֆրեմանեզումաբ դեղամիջոցի ազդեցության գնահատումը։ Հետազոտողները պարզել են, որ մի քանի ամիս տևած բուժումից հետո անբարենպաստ եղանակի և գլխացավերի առաջացման միջև կապը զգալիորեն թուլացել է։ Որոշ դեպքերում եղանակի ազդեցությունը գրեթե ամբողջությամբ անհետացել է։
Այդուհանդերձ, գիտնականներն ընդգծում են, որ միգրենի վրա եղանակի ազդեցությունը մնում է բարդ և անհատական թեմա։ Նախորդ հետազոտությունները երկակի արդյունքներ են ցույց տվել. որոշ մարդկանց մոտ ճնշման, խոնավության կամ քամու փոփոխությունները իրոք դառնում են նոպաների խթանիչ, մինչդեռ այլոց մոտ նման կախվածություն չի նկատվում։ Հավանական է, որ եղանակը, սթրեսի, անքնության, սննդակարգի առանձնահատկությունների և այլ գործոնների հետ միասին համակցված ձևով ազդում է մարդու օրգանիզմի վրա։






