FLOW խոշոր կլինիկական հետազոտության նոր արդյունքները, որոնք ներկայացվել են ERA կոնգրեսում, ցույց են տալիս, որ սեմագլուտիդի շաբաթական ներարկումները կարող են զգալիորեն բարելավել կյանքի որակը 2-րդ տիպի դիաբետ և երիկամների խրոնիկական հիվանդություն ունեցող բուժառուների շրջանում, գրում է Medical Xpress-ը։
Ավելի վաղ այս նույն նախագիծն արդեն իսկ ցույց էր տվել, որ դեղամիջոցը պլացեբոյի համեմատությամբ նվազեցնում է երիկամային լուրջ բարդությունների ռիսկը 24%-ով, իսկ ընդհանուր մահացությունը՝ 20%-ով՝ միջինում 3,4 տարվա դիտարկման ընթացքում։
Այժմ հետազոտողները գնահատել են թերապիայի ազդեցությունը ոչ միայն բժշկական արդյունքների, այլև առօրյա կյանքում բուժառուների ինքնազգացողության վրա։ Դրա համար օգտագործվել է «EQ-5D-5L» ստանդարտացված հարցաթերթիկը, որը գնահատում է շարժունակությունը, ինքնասպասարկման կարողությունը, սովորական գործերի կատարումը, ցավի մակարդակը և տագնապային-դեպրեսիվ ախտանիշները։
Հետազոտությանը մասնակցել է 3533 մարդ, որոնց կեսը ստացել է սեմագլուտիդ, իսկ մյուս կեսը՝ իրականում բուժական արժեք չունեցող դեղորայք՝ պլացեբո։
Երկու տարվա թերապիայից հետո սեմագլուտիդի խմբում կյանքի որակի ցուցանիշները մնացել են կայուն, մինչդեռ պլացեբո ստացող բուժառուների շրջանում դրանք աստիճանաբար նվազել են։
Խմբերի միջև տարբերությունը եղել է վիճակագրորեն նշանակալի և համարժեք է տարեկան մոտավորապես ութ լրացուցիչ օրվան, որն անցկացվել է լիակատար առողջության վիճակում։ Միաժամանակ սեմագլուտիդ ստացող բուժառուներն ավելի բարձր են գնահատել իրենց ընդհանուր ինքնազգացողությունը։
Ամենամեծ բարելավումները նկատվել են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շարժունակությունը, առօրյա առաջադրանքները կատարելու կարողությունը, ինքնասպասարկումը և ցավի մակարդակը։ Միևնույն ժամանակ, տագնապի և դեպրեսիայի ցուցանիշով տարբերություններ չեն հայտնաբերվել։
Ուշագրավ է, որ ազդեցությունը կայուն է եղել բուժառուների բոլոր ենթախմբերում՝ անկախ տարիքից, մարմնի զանգվածից, երիկամների ֆունկցիայից և սիրտ-անոթային հիվանդությունների առկայությունից։
Հետազոտության հեղինակները նշում են, որ արդյունքներն ավելի արտահայտված են եղել, քան սպասվում էր, քանի որ նախկինում ենթադրվում էր, թե GLP-1 դեղամիջոցների հնարավոր կողմնակի ազդեցությունները, ներառյալ աղեստամոքսային համակարգի խանգարումները, կարող են վատթարացնել ընդհանուր ինքնազգացողությունը։ Սակայն գումարային արդյունքը եղել է դրական։
Սեմագլուտիդն արդեն լայնորեն կիրառվում է դիաբետի և ճարպակալման բուժման համար, ինչպես նաև ցուցադրում է սիրտ-երիկամային առավելություններ։






