Տոկիոյի գիտական ինստիտուտի հետազոտողները մշակել են մարդու աղիքների մանրակերտ բիոմիմետիկ մոդել, որը լաբորատոր պայմաններում առաջին անգամ թույլ է տվել վերարտադրել A71 էնտերովիրուսով (EV-A71) տևական վարակման ընթացքը։
«Journal of Virology» ամսագրում հրապարակված այս աշխատանքն օգնում է ավելի լավ հասկանալ, թե ինչպես է վիրուսը պահպանվում աղիքներում՝ գրեթե չառաջացնելով տեսանելի իմունային պատասխան, ինչը կարող է արագացնել բուժման նոր մեթոդների մշակումը։
A71 էնտերովիրուսը լայնորեն տարածված պաթոգեն է, որն ամենից հաճախ ախտահարում է կրծքակեր և վաղ տարիքի երեխաներին՝ առաջացնելով այնպիսի հիվանդություններ, ինչպիսին է, օրինակ, «ձեռք-ոտք-բերան» սինդրոմը։ Դեպքերի մեծ մասում վարակն անցնում է թեթև՝ արտահայտվելով ջերմությամբ և թեթև ցանով։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում վիրուսն ընդունակ է թափանցել կենտրոնական նյարդային համակարգ և առաջացնել ծանր բարդություններ, այդ թվում՝ էնցեֆալիտ և մենինգիտ, որոնք կարող են վտանգել երեխայի կյանքը։
Չնայած տասնամյակներ տևող հետազոտություններին՝ EV-A71-ի դեմ հաստատված հատուկ դեղամիջոցներ մինչ օրս գոյություն չունեն։
Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ բավարար չափով ուսումնասիրված չէ, թե ինչպես է վիրուսն իրեն դրսևորում մարդու աղիքներում, որոնք հանդիսանում են վարակի առաջնային թիրախը։ Կենդանիների կամ ուռուցքային բջջային գծերի վրա հիմնված ավանդական մոդելները վատ են արտացոլում աղիքային հյուսվածքի իրական կառուցվածքն ու գործառույթները։ Իսկ ավելի ժամանակակից օրգանոիդային համակարգերը նույնպես ունեն սահմանափակումներ, քանի որ լիարժեքորեն չեն վերարտադրում բջջային բազմազանությունն ու հյուսվածքի կազմությունը։
Այս սահմանափակումները հաղթահարելու համար գիտնականների թիմը՝ Տոկիոյի գիտական ինստիտուտի Համալիր հետազոտությունների ինստիտուտի Բժշկական համակարգերի հետազոտական լաբորատորիայի պրոֆեսոր Կաձուո Տակայամայի, ասպիրանտ Հիրոկի Ֆուտագսակոյի և դոցենտ Սայակա Դեգուտիի գլխավորությամբ, ստեղծել է միկրոֆիզիոլոգիական համակարգ՝ մանրակերտ «աղիք-չիպի վրա»: Մոդելը պատրաստվել է մարդու սաղմնային ցողունային բջիջներից և ներառում է բջիջների մի քանի տեսակներ, այդ թվում՝ էնտերոցիտներ, գավաթաձև բջիջներ և ֆիբրոբլաստներ, ինչը թույլ է տալիս վերարտադրել աղիքային հյուսվածքի առավել իրական կառուցվածքը:
EV-A71 վիրուսով վարակելուց հետո հետազոտողները 14 օր շարունակ հետևել են վիրուսի բազմացմանը և հյուսվածքի վիճակին: Ի տարբերություն ստանդարտ բջջային կուլտուրաների, որոնք արագորեն քայքայվում են, աղիքների այս մանրակերտ մոդելը պահպանել է իր կառուցվածքային ամբողջականությունը և ապահովել վիրուսի տևական բազմացումը՝ առանց հյուսվածքների տեսանելի վնասման:
Հատկանշական է, որ վիրուսն առաջացրել է ընդամենը թույլ ինտերֆերոնային պատասխան, որը բնածին հակավիրուսային իմունիտետի գլխավոր բաղադրիչն է: Ինտերֆերոնների արտադրությունը գրեթե չի ավելացել, ինչով էլ կարող է բացատրվել EV-A71-ի՝ աղիքներում երկար ժամանակ առանց ակնհայտ ախտանշանների պահպանվելու հատկությունը: Այնուամենայնիվ, ռեկոմբինանտ ինտերֆերոնների ներարկումը կտրուկ ակտիվացրել է հակավիրուսային գեները և զգալիորեն նվազեցրել վիրուսային ՌՆԹ-ի մակարդակը:
Այսպիսով, այս մոդելը ոչ միայն վերարտադրում է վարակի հիմնական առանձնահատկությունները, այլև հիանալի հարթակ է հանդիսանում հակավիրուսային դեղամիջոցների փորձարկման համար:






