Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի (UCLA) Առողջապահական քաղաքականության հետազոտական կենտրոնի նոր հետազոտությունը, որը հիմնված է 2022–2024 թվականների Կալիֆորնիայի առողջապահական հարցումների (CHIS) տվյալների վրա, հստակ կապ է հայտնաբերել դեռահասների կողմից հոգեակտիվ նյութերի օգտագործման և հոգեբանական դիստրեսի ու ինքնասպանության ռիսկի բարձրացման միջև, գրում է Medical Xpress-ը:
Վերլուծությանը մասնակցել է 12-ից 17 տարեկան գրեթե 3000 դեռահաս: Նյութերի օգտագործում ասելով՝ նկատի են ունեցել կանեփը/THC-ն, ալկոհոլը (ներառյալ չարաշահման դեպքերը), էլեկտրոնային և սովորական սիգարետները: Ընթացիկ օգտագործող են համարվել նրանք, ովքեր վերջին մեկ ամսվա ընթացքում օգտագործել են դրանցից գոնե մեկը:
Արդյունքները ցույց են տվել, որ Կալիֆոռնիայում դեռահասների մոտ 9%-ը մտնում է հոգեակտիվ նյութերի ընթացիկ օգտագործողների կատեգորիայի մեջ: Նրանց շրջանում հոգեբանական դիստրեսի մակարդակն զգալիորեն բարձր է եղել. 46%-ը հայտնել է վերջին մեկ տարում լուրջ կամ չափավոր հոգեբանական խնդիրներ ունենալու մասին, մինչդեռ նյութեր չօգտագործողների շրջանում այդ ցուցանիշը կազմել է 27%:
Ամենակտրուկ տարբերությունները նկատվել են ինքնասպանության ռիսկի գնահատման ժամանակ: Այն դեռահասների գրեթե կեսը (47%-ը), որոնք միաժամանակ ունեն հոգեբանական դիստրես և օգտագործում են հոգեակտիվ նյութեր, հայտնել են վերջին տարում սուիցիդալ մտքեր կամ փորձեր ունենալու մասին: Դիստրես ունեցող, բայց նյութեր չօգտագործող դեռահասների շրջանում այս ցուցանիշը գրեթե երկու անգամ ցածր է եղել՝ 24%:
Ընդհանուր առմամբ, հարցված բոլոր դեռահասների 10%-ը նշել է, որ վերջին տարում ունեցել է սուիցիդալ մտքեր կամ փորձեր: Ընդ որում, նույնիսկ առանց հոգեբանական դիստրեսի դեռահասների շրջանում նյութերի օգտագործումը կապված է եղել բարձր ռիսկի հետ. նրանց 8%-ն է հայտնել սուիցիդալ մտքերի կամ փորձերի մասին՝ չօգտագործողների 2%-ի համեմատ:
Հավելյալ վերլուծությունը ցույց է տվել, որ այն դեռահասները, ովքեր կյանքում թեկուզ մեկ անգամ ալկոհոլ կամ թմրանյութ են օգտագործել, երեք անգամ ավելի հաճախ են հայտնել սուիցիդալ մտքերի կամ փորձերի մասին, քան նրանք, ովքեր երբեք չեն օգտագործել (20%՝ 6%-ի դիմաց):
Հեղինակներն ընդգծում են, որ խոսքը փոխկապակցվածության, այլ ոչ թե ապացուցված պատճառահետևանքային կապի մասին է: Այնուամենայնիվ, ստացված տվյալները մատնանշում են երկու խնդիրների՝ դեռահասների հոգեկան առողջության և հոգեակտիվ նյութերի օգտագործման լուրջ հատումը:
Հետազոտողները նշում են, որ նյութերի վաղ և կանոնավոր օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուղեղի զարգացման վրա և մեծացնել հոգեկան խանգարումների նկատմամբ խոցելիությունը: Սակայն հնարավոր է նաև, որ սկզբնական հոգեբանական խնդիրներ ունեցող դեռահասներն ավելի հաճախ դիմեն այդ նյութերի օգտագործմանը՝ որպես ինքնաբուժման միջոց:
Զեկույցում շեշտվում է համալիր միջոցառումների անհրաժեշտությունը՝ ռիսկի խմբերի վաղ հայտնաբերում, հոգեբուժական ու նարկոլոգիական օգնության ինտեգրում, ինչպես նաև դեռահասների աջակցության ծառայությունների հասանելիության մեծացում: Հեղինակներն առանձնակի նշում են կանխարգելման և անչափահասների համար հոգեակտիվ նյութերի հասանելիության սահմանափակման կարևորությունը:






