Գիտնականները հետազոտություն են անցկացրել այն մասին, թե արդյոք գլխուղեղի վնասվածքը կապված է ուղեղի քաղցկեղից մահացության բարձր ռիսկի հետ, և հանգել են այն եզրակացության, որ նման վնասվածքներ ստացած մարդկանց մոտ ուղեղի ուռուցքներից մահվան հավանականությունն ավելի բարձր է, քան ընդհանուր բնակչության շրջանում։

Աշխատանքը հրապարակվել է Neuroepidemiology բժշկագիտական հանդեսում և իրականացրել են Mass General Brigham-ի հետազոտողները՝ TBI Model Systems տվյալների բազայի վերլուծության շրջանակում։

Հեղինակներն ուսումնասիրել են 1987-2024 թվականներն ընկած ժամանակահատվածում ստացիոնար վերականգնողական բժշկական կենտրոններում գլխուղեղի վնասվածքով բուժում անցած ԱՄՆ 20 ավելի քան 20 հազար բուժառուների տվյալները։

Ուղեղի քաղցկեղից մահացությունը որոշվել է մահվան վկայականների հիման վրա, որից հետո ցուցանիշները համեմատվել են դեմոգրաֆիական առումով համադրելի ընդհանուր բնակչության հետ՝ հաշվի առնելով տարիքը, սեռը, ռասան և օրացուցային ժամանակահատվածը։

Արդյունքները ցույց են տվել, որ գլխուղեղի վնասվածք տարած անձանց շրջանում ուղեղի քաղցկեղից մահանալու ռիսկը 1,75 անգամ ավելի բարձր է եղել, քան ընդհանուր բնակչության շրջանում։

Ռիսկի հատկապես արտահայտված աճ է նկատվել այն բուժառուների շրջանում, որոնք վնասվածքներ են ստացել հրազենային վիրավորումների հետևանքով. այս խմբում ուղեղի քաղցկեղից մահվան հավանականությունը ավելի քան 14 անգամ բարձր է եղել։

Ռիսկի գրեթե չորս անգամ աճ է գրանցվել նաև գլխի թեթև, բայց բարդացած ձևերի վնասվածքներ ունեցող մարդկանց շրջանում։ Միևնույն ժամանակ, չափավոր և ծանր վնասվածքներով բուժառուների շրջանում ռիսկի բարձրացում նույնպես արձանագրվել է, սակայն այն չի հասել վիճակագրական նշանակալիության, հավանաբար տվյալների սահմանափակ ծավալի պատճառով։

Հետազոտողները նշում են, որ ստացված արդյունքները մատնանշում են գլխուղեղի վնասվածքներից հետո բուժառուների առանձին խմբերի նկատմամբ ավելի ուշադիր երկարատև հսկողության անհրաժեշտությունը։

Կլինիկական պրակտիկայում դա նշանակում է, որ նման վնասվածքները պետք է դիտարկել ոչ միայն որպես սուր վնասվածք, այլև որպես հնարավոր հեռահար հետևանքներով, դրանց թվում՝ օնկոլոգիական ռիսկերով պայմանավորված վիճակ։

Հեղինակների կարծիքով՝ հնարավոր մեխանիզմներից մեկը կարող է լինել երկարատև բորբոքումը, որը գործարկվում է ուղեղում վնասվածքից հետո և ընդունակ է երկարաժամկետ հեռանկարում ազդել բջջային գործընթացների վրա։