Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) հետազոտողները եկել են այն եզրակացության, որ երեխաների ֆիզիկական պատիժները (ներառյալ ապտակները) կապված են վարքագծային խնդիրների ավելի բարձր ռիսկի, ցածր առաջադիմության և դեռահասության տարիքում ռիսկային վարքագիծ դրսևորելու մեծ հավանականության հետ։ Այս մասին գրում է «News-Medical Life Sciences» պարբերականը։

Աշխատանքը հիմնված է «Millennium Cohort Study» խոշոր երկայնակի հետազոտության տվյալների վրա և հրապարակվել է որպես Մեծ Բրիտանիայում երեխաների զարգացման վրա ֆիզիկական պատժի ազդեցության մասին զեկույցի մաս։

Հետազոտության ընթացքում վերլուծվել են 2000–2002 թվականներին Մեծ Բրիտանիայում ծնված շուրջ 19,000 երեխաների տվյալները (նրանց ծննդից մինչև 17 տարեկան դառնալը)։ Գիտնականները համադրել են վաղ տարիքում ստացած ֆիզիկական պատիժների փորձը դեռահասության շրջանի կրթական արդյունքների և վարքագծի հետ՝ հաշվի առնելով նաև սոցիալ-տնտեսական ու ընտանեկան գործոնները։

Արդյունքները ցույց են տվել, որ այն երեխաները, ովքեր 3, 5 և 7 տարեկանում ենթարկվել են ֆիզիկական պատիժների, 5,7 տոկոսային կետով ավելի հաճախ չեն հաղթահարել GCSE-ի (16 տարեկանում հանձնվող քննություններ, որոնք մոտավորապես համապատասխանում են A*–C գնահատականներին) լավ արդյունքների շեմը, քան նրանք, ովքեր չեն ենթարկվել նման պատիժների (48%՝ 42,3%-ի դիմաց)։ Նրանց մոտ նաև ռիսկային և ագրեսիվ վարքագծի ավելի բարձր ցուցանիշներ են արձանագրել դեռահասության տարիքում։

Մասնավորապես, վաղ մանկության տարիներին ֆիզիկական պատժի ենթարկված դեռահասների շրջանում ավելի բարձր է եղել ագրեսիայի կամ նորմերի խախտման հետ կապված վարքագծում ներգրավվածության հավանականությունը. նրանք ավելի հաճախ են հայտնել հարվածելու, հրելու, բուլինգի և կիբերբուլինգի դեպքերի մասին։ Օրինակ՝ 14 տարեկանում այդպիսի դեռահասները 33%-ով ավելի հակված են եղել այլ մարդկանց նկատմամբ ռիսկային վարքագիծ դրսևորելուն։

Հեղինակներն ընդգծում են, որ ֆիզիկական պատիժները դաստիարակության համար որևէ դրական արդյունք ցույց չեն տալիս, սակայն միևնույն ժամանակ ասոցիացվում են ճանաչողական, կրթական և սոցիալական զարգացման կայուն բացասական հետևանքների հետ։

Հետազոտությունն առանձնակի անդրադառնում է քաղաքական համատեքստին. Շոտլանդիայում, Ուելսում և Իռլանդիայում ֆիզիկական պատիժներն արդեն արգելված են, մինչդեռ Անգլիայում և Հյուսիսային Իռլանդիայում դրանք դեռևս իրավականորեն թույլատրելի են «ողջամիտ պատժի» շրջանակներում։ Հեղինակներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կոչ են անում օրենսդրական արգելք սահմանել՝ հղում անելով միջազգային փորձին. նման միջոցներ արդեն ընդունվել են շուրջ 70 երկրներում։

Հետազոտողները նաև նշում են, որ Մեծ Բրիտանիայում ֆիզիկական պատիժների տարածվածությունը նվազում է, սակայն այն դեռևս ընդգրկում է երեխաների զգալի մասին․ ըստ վերլուծության տվյալների՝ 10 տարեկան երեխաների մոտ մեկ հինգերորդն այս կամ այն ձևով ենթարկվել է դրան։

Ավելի լայն համատեքստում աշխատանքը միավորում է քանակական վերլուծությունը և տարբեր ոլորտների՝ կրթության, սոցիալական քաղաքականության, առողջապահության և իրավապաշտպանության մասնագետների հետ կապված հարցազրույցները։ Հետազոտության ընդհանուր եզրակացությունն այն է, որ ֆիզիկական պատժի արգելմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները կարող են արդյունավետ լինել և արդեն իսկ բավականին մեծ արդյունք են ցույց տվել Մեծ Բրիտանիայի մյուս տարածքներում։