«Journal of the American Geriatrics Society» ամսագրում հրապարակված փոքրածավալ պատահականացված կլինիկական հետազոտությունը ցույց է տվել, որ պրոբիոտիկներով թերապիան կարող է լրացուցիչ դրական ազդեցություն ունենալ տարեց պացիենտների դեպրեսիայի բուժման հարցում, թեև այդ արդյունքը դեռևս չափավոր է:

Հետազոտությանը մասնակցել է չափավոր դեպրեսիա ունեցող 60 տարեկան և բարձր 58 կամավոր Հնդկաստանից։ Բոլոր պացիենտները ստացել են ստանդարտ հակադեպրեսանտային բուժում, ինչից հետո պատահականության սկզբունքով բաժանվել են երկու խմբի. առաջին խումբն ամեն օր ստացել է պրոբիոտիկներ, իսկ երկրորդը՝ պլացեբո: Փորձը տևել է 12 շաբաթ, որից հետո ևս 12 շաբաթ մասնակիցները գտնվել են հսկողության տակ:

Արդյունքները գնահատվել են դեպրեսիայի և տագնապայնության կլինիկական սանդղակներով, արյան շիճուկում ուղեղի նեյրոտրոֆիկ գործոնի (BDNF) բիոմարկերի մակարդակով, ինչպես նաև աղիքային միկրոբիոտայի կազմով: Պրոբիոտիկներ ստացած խմբում դեպրեսիայի և տագնապի ախտանիշների ավելի զգալի նվազում է նկատվել (պլացեբոյի խմբի համեմատ): Այնուամենայնիվ, կյանքի որակի ցուցանիշների տարբերությունը խմբերի միջև այնքան էլ արտահայտված չի եղել:

Հատկանշական է, որ դիտարկման ընթացքում երկու խմբերում էլ ընդհանուր առմամբ վիճակի զգալի բարելավում է գրանցվել, ինչն ընդգծում է ստանդարտ բուժման արդյունավետությունը և պրոբիոտիկների հնարավոր լրացուցիչ, բայց սահմանափակ դերը:

Հեղինակները նշում են, որ պրոբիոտիկներով թերապիան անվտանգ և կենսաբանորեն հիմնավորված լրացուցիչ մեթոդ է, որը պոտենցիալ կերպով կարող է ազդել «աղիք-ուղեղ» կապի վրա: Այդուհանդերձ, վերջնական եզրակացություններ անելու համար անհրաժեշտ են ավելի մասշտաբային և երկարատև կլինիկական փորձարկումներ:

Հետազոտության համահեղինակների, այդ թվում՝ Հնդկաստանի բժշկական հետազոտությունների խորհրդից դոկտոր Սաիբալ Դասի և «Tata Medical Center»-ից դոկտոր Աբհինաբա Գհոշի խոսքով՝ հետագա ուսումնասիրություններն արդեն ծրագրված են և կարող են հիմք հանդիսանալ դեպրեսիայի բուժման համար հասանելի ու կիրառելի օժանդակ մեթոդների մշակման համար: