Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հղիության ընթացքում ՊՖԱՍ-ի (պեր- և պոլիֆտորալկիլային նյութեր), որոնք հայտնի են որպես «հավերժական քիմիկատներ», ազդեցությունը կարող է ավելի ուշ տարիքում մեծացնել դուստրերի մոտ պոլիէնդոկրին մետաբոլիկ ձվարանային համախտանիշի (PMOS) զարգացման վտանգը:
PMOS-ը, որը նախկինում հայտնի էր որպես ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ (PCOS), մասնագետների գնահատմամբ, ախտահարում է կանանց մոտ 13%-ին: Չնայած լայն տարածվածությանը, շատ դեպքեր մնում են չախտորոշված, իսկ հիվանդության պատճառները դեռևս ամբողջությամբ պարզված չեն:
Հարվարդի համալսարանի գիտնականների անցկացրած գրախոսվող հետազոտության ընթացքում վերլուծվել են «մայր-դուստր» մոտ 325 զույգերի տվյալներ։ Պարզվել է, որ հղիության ընթացքում արյան մեջ ՊՖԱՍ-ի ավելի բարձր մակարդակ ունեցող կանայք ավելի հաճախ են ունեցել դուստրեր, որոնց շրջանում դեռահասության տարիքում զարգացել է PMOS և միջին կամ ծանր աստիճանի ակնե:
Ստացված արդյունքները լրացնում են այն աճող տվյալների շարքը, որ շրջակա միջավայրի քիմիական աղտոտիչների ազդեցությունը կարող է նպաստել հորմոնալ և նյութափոխանակության խանգարումների զարգացմանը: Թեև հեղինակներն ընդգծում են հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը, նրանք ենթադրում են, որ ՊՖԱՍ-ը կարող է լինել PMOS-ի զարգացման կարևոր վտանգի գործոն:
Հանրային առողջապահության ոլորտի փորձագետները նշում են, որ նախորդ հետազոտություններն արդեն իսկ կապել էին ՊՖԱՍ-ը հորմոնալ խանգարումների և վերարտադրողական առողջության խնդիրների հետ: Սակայն սույն աշխատանքն առաջինն էր, որն ուսումնասիրեց այդ նյութերի ներարգանդային ազդեցությունը ծնվելուց տարիներ անց PMOS-ի զարգացման վրա:
ՊՖԱՍ-ը սինթետիկ միացությունների մեծ խումբ է, որոնք լայնորեն օգտագործվում են նյութերին ջրամերժ, ճարպամերժ և կեղտամերժ հատկություններ հաղորդելու համար: Ծայրահեղ կայունության և մարդու օրգանիզմում կուտակվելու հատկության պատճառով դրանք նպաստում են մի շարք հիվանդությունների՝ ներառյալ՝ քաղցկեղի, զարգացման բնածին արատների, իմունային համակարգի խանգարումների, խոլեստերինի բարձր մակարդակի և երիկամների հիվանդությունների առաջացմանը:
PMOS-ը դրսևորվում է այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են անկանոն դաշտանը, մազերի չափից ավելի աճը, ակնեն և անպտղությունը: Վերջերս հիվանդությունը ՁՊՀ-ից (PCOS) վերանվանվել է PMOS-ի, որպեսզի ավելի հստակ արտացոլվի դրա համակարգային հորմոնալ և մետաբոլիկ բնույթը, այլ ոչ թե այն կապվի բացառապես ձվարանների հետ:
Հետազոտությունը հիմնված է Project Viva նախագծի տվյալների վրա. 1999 թվականին Բոստոնի շրջանում երկարաժամկետ դիտարկման ծրագիր մեկնարկել է՝ ուսումնասիրելու համար, թե ինչպես են կյանքի վաղ շրջանի ազդեցությունները հետագայում անդրադառնում մայրերի և երեխաների առողջության վրա:
Աշխատանքի արդյունքներով՝ հղիության ընթացքում ՊՖԱՍ-ի բարձր մակարդակ ունեցող կանանց դուստրերի շրջանում դեռահասության տարիքում PMOS-ի կամ արտահայտված ակնեի զարգացման վտանգը եղել է 2,3–2,7 անգամ ավելի բարձր։
Առանձնապես ուժեղ կապ է հայտնաբերվել N-EtFOSAA միացության դեպքում, որն օգտագործվում է կեղտամերժ պատվածքների, թունաքիմիկատների, գործվածքների ջրամերժ ներծծումների և թղթե արտադրանքի պատվածքների մեջ: Շրջակա միջավայրում այս նյութը կարող է քայքայվել ընդհուպ PFOS, որը ՊՖԱՍ խմբի ամենաուսումնասիրված և պոտենցիալ թունավոր ներկայացուցիչներից է:
Մեկ այլ միացություն՝ PFNA-ն, նույնպես կապված է եղել միջին և ծանր աստիճանի ակնեի զարգացման բարձր հավանականության հետ:
Քանի որ ՊՖԱՍ-ը լայնորեն տարածված է սպառողական ապրանքներում, դրանց հետ շփումից ամբողջությամբ խուսափելը դժվար է: Ընդսմին, մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում հրաժարվել կեղտամերժ պատվածքներից, ընտրել առանց ՊՖԱՍ-ի տեքստիլ և անջրանցիկ հագուստ, ինչպես նաև նախապատվությունը տալ ամբողջական մթերքներից պատրաստված տնային սննդին, որպեսզի նվազեցվի այն նյութերի ազդեցությունը, որոնք օրգանիզմ են թափանցում փաթեթավորման և սննդամթերքի արդյունաբերական վերամշակման միջոցով:






