«Computers in Human Behavior» ամսագրում հրապարակված հետազոտությունը փաստում է, որ Instagram-ի տևական օգտագործումը կարող է ազդել ոչ միայն արտաքինի ընկալման, այլև ինքնագիտակցության ձևավորման ավելի խորքային մեխանիզմների վրա։ Մասնավորապես՝ խոսքը սեփական մարմինն ու դեմքը որպես «իրենը» ճանաչելու ուղեղի ունակության մասին է:

Միլանի Սուրբ Սրտի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Ջուզեպպե Ռիվայի ղեկավարությամբ իրականացված աշխատանքն առաջ է քաշում «մարմնական ինքնության թվային էրոզիայի» վարկածը։ Ըստ այդմ՝ տարիներ շարունակ ֆիլտրված լուսանկարների, սելֆիների և ստանդարտացված թվային պատկերների հետ առնչվելը կարող է աստիճանաբար ջնջել սեփական անձի և այլոց ընկալման սահմանները։

Հետազոտությանը մասնակցել է 95 երիտասարդ (միջին տարիքը՝ 26 տարեկան), որոնք Instagram-ից օգտվում են միջինում գրեթե 8 տարի։ Մասնակիցներն անցել են վիրտուալ իրականության թեստեր, այդ թվում՝ «մարմնի պատրանք» կոչվող փորձը, երբ տեսողական և զգայական ազդակների համաժամեցումը կարող է ժամանակավորապես ստեղծել այնպիսի զգացողություն, թե օտար մարմինը կամ դեմքը պատկանում է հենց մասնակցին:

Արդյունքները ցույց են տվել «դոզայից կախված էֆեկտ». որքան երկար է մարդն օգտվել Instagram-ից, այնքան մեծ է եղել հավանականությունը, որ պատրանքի պայմաններում նա դիմացինի դեմքը կընկալի որպես սեփականը։ Այս էֆեկտն առավել ցայտուն է դրսևորվել հենց դեմքի պարագայում, որն ինքնանույնականացման հիմնական տարրն է։

Հեղինակները նշում են, որ ուղեղը «ես»-ի զգացողությունը ձևավորում է օրգանիզմի ներքին ազդակների և արտաքին տեղեկատվության մշտական համադրման միջոցով։ Այս համակարգի խաթարումը կարող է թուլացնել սեփական մարմնին պատկանելության զգացումը և մեծացնել մի շարք հոգեբանական խանգարումների հանդեպ խոցելիությունը, ներառյալ՝ սնման վարքագծի խանգարումները, դեպրեսիան և դիսոցիատիվ վիճակները։

Միևնույն ժամանակ, հետազոտողներն ընդգծում են, որ աշխատանքը չի ապացուցում Instagram-ի ուղղակի բացասական ազդեցությունը հոգեկան առողջության վրա, այլ միայն մատնանշում է ինքնաընկալման հիմնարար գործընթացների հետ հնարավոր կապը։