Միչիգանի համալսարանի հետազոտողները ստեղծել են քիմիական ռեակցիաների՝ մինչ օրս ամենախոշոր բաց տվյալների բազան, որը կարող է զգալիորեն արագացնել նոր դեղամիջոցների մշակումը և բարելավել արհեստական բանականության համակարգերի աշխատանքը քիմիայում։
Աշխատանքը հրապարակվել է Journal of the American Chemical Society հանդեսում։
Հետազոտության կենտրոնում ավելի քան 50 հազար մանրակրկիտ ծրագրված քիմիական փորձեր են։ Դրանք ներառում են ռեագենտների և ռեակցիայի պայմանների հազարավոր համակցություններ, որոնք ուղղված են ածխածին–ազոտ կապերի ձևավորման ուսումնասիրմանը․ դրանք ժամանակակից դեղագործական պատրաստուկների մեծ մասի հիմնական կառուցվածքային տարրերն են։
Գիտնականները նշում են, որ նոր դեղերի մշակումն ավանդաբար հսկայական թվով փորձեր ու սխալներ է պահանջում՝ հազարավոր լաբորատոր փորձարկումներ, զգալի ժամանակային ծախսեր և կախվածություն հազվագյուտ ու թանկարժեք մետաղներից, որոնք օգտագործվում են որպես կատալիզատորներ։ Չնայած արհեստական բանականության զարգացմանը, դրա արդյունավետությունը սահմանափակված է հասանելի տվյալների որակով, որոնք քիմիայի ոլորտում դեռևս բավարար չեն։
Նոր տվյալների բազան կոչված է լրացնելու այդ բացը։ Այն մատչելի հասանելիությամբ տեղադրվել է Open Reaction Database հարթակում և արդեն իսկ համարվում է քիմիական ռեակցիաների մասին կառուցվածքավորված տվյալների ամենախոշոր հավաքածուն։
Ըստ հետազոտության ղեկավար Թիմ Սերնակի՝ նախագիծը ստեղծվել է ավելի քան տասը տարի և առայժմ ընդգրկում է հնարավոր քիմիական պայմանների միայն մի փոքր մասը, սակայն արդեն ընդունակ է վերհանել օրինաչափություններ, որոնք դժվար է նկատել ավանդական հետազոտություններում։
Առանցքային արդյունքներից մեկը դարձավ տարբեր կատալիզատորների՝ պալադիումի, նիկելի և պղնձի արդյունավետության համեմատությունը։ Պալադիումը լայնորեն կիրառվում է դեղագործական սինթեզում, սակայն դրա արդյունահանումն ու մատակարարումները կախված են սահմանափակ թվով երկրներից, ինչը խոցելիություն է ստեղծում մատակարարման շղթաներում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ մի շարք ռեակցիաներում նիկելը կարող է աշխատել պալադիումից ոչ պակաս արդյունավետ, իսկ երբեմն էլ պղինձն է ցուցաբերում համեմատելի արդյունավետություն։ Դա ճանապարհ է հարթում դեղագործական արտադրության մեջ ավելի հասանելի և աշխարհագրորեն բաշխված նյութերի օգտագործման համար։
Գիտնականները միաժամանակ հայտնաբերել են անսպասելի քիմիական օրինաչափություններ, ներառյալ՝ բարձր ակտիվությամբ միջանկյալ մոլեկուլների ձևավորումն ավելի ցածր ջերմաստիճաններում, քան ենթադրվում էր նախկինում։ Նրանք նշում են, որ նման արդյունքներ դժվար կլիներ ստանալ առանց ստանդարտացված տվյալների մեծ զանգվածների վերլուծության։
Հեղինակներն ընդգծում են, որ մեծ փորձարարարկան տվյալների հավաքածուների և արհեստական բանականության համադրումը կարող է արմատապես փոխել դեղերի ստեղծման մոտեցումը՝ դարձնելով այն ավելի արագ, էժան և պակաս կախված հազվագյուտ նյութերից։






