Կարոլինյան ինստիտուտի (Շվեդիա) հետազոտողները ներկայացրել են նոր AC01 դեղահաբի վաղ կլինիկական հետազոտության արդյունքները քրոնիկական սրտային անբավարարություն ունեցող պացիենտների համար։ Աշխատանքը հրապարակվել է The Lancet ամսագրում։
Կծկումների նվազած ֆունկցիայով ուղեկցվող սրտային անբավարարությունը նշանակում է, որ սիրտը չի կարող արդյունավետորեն արյուն մղել օրգանիզմին։ Չնայած բուժման առկա մեթոդներին՝ շատ պացիենտների վիճակը ժամանակի ընթացքում վատանում է, իսկ սրտի կծկումներն ուժեղացնող դեղամիջոցների օգտագործումը հաճախ ուղեկցվում է լուրջ կողմնակի ազդեցություններով, ներառյալ սրտի ռիթմի խանգարումները և զարկերակային ճնշման փոփոխությունները։
AC01 նոր դեղամիջոցն ազդում է գրելինի ռեցեպտորի վրա՝ հորմոն, որը մասնակցում է նյութափոխանակության կարգավորմանը և աճի հորմոնի սեկրեցիային։ Այդ ռեցեպտորը կա նաև սրտամկանում, ինչը թույլ է տալիս ազդել սրտի կծկումների ֆունկցիայի վրա զարկերակային կենսաբանական մեխանիզմի միջոցով։
1b/2a փուլի կլինիկական հետազոտությունը ռանդոմիզացված էր և պլացեբո-վերահսկվող ու ներառել է 58 պացիենտի, որոնք քրոնիկական սրտային անբավարարություն են ունեցել։ Մասնակիցները ստացել են դեղամիջոցի տարբեր չափաբաժիններ կամ դատարկահաբ 7 կամ 28 օրվա ընթացքում։ Հիմնական նպատակը անվտանգության և յուրացվելիության գնահատումն էր։
Արդյունքները ցույց են տվել, որ AC01-ը լավ է յուրացվում պացիենտների կողմից։ Լուրջ կողմնակի ազդեցություններ՝ կապված դեղամիջոցի հետ, չեն հայտնաբերվել։ Չի եղել նաև բացասական ազդեցություն սրտի ռիթմի կամ զարկերակային ճնշման վրա։
Լրացուցիչ վերլուծությունը ցույց է տվել սրտի ֆունկցիայի հնարավոր բարելավման նշաններ, ներառյալ հարվածային ծավալի և սրտի արտանետման մեծացումը։ Սակայն հեղինակներն ընդգծել են, որ հետազոտությունը դեռ վաղ փուլում է և ներառում է սահմանափակ թվով մասնակցիներ։
Կարոլինյան ինստիտուտի և Կարոլինյան համալսարանական հիվանդանոցի պրոֆեսոր Լարս Լունդի խոսքով՝ ստացված տվյալներն արդարացնում են ավելի ծավալուն և երկարատև հետազոտությունների անցկացումը՝ դեղամիջոցի կլինիկական արդյունավետությունը որոշելու համար։
Հետազոտությունն իրականացվել է եվրոպական մի քանի երկրների կլինիկաների հետ համագործակցությամբ և ֆինանսավորվել է AnaCardio AB դեղագործական ընկերության կողմից։






