Մյունստերի համալսարանի գիտնականները հայտնել են նոր մոտեցման մասին, որը թույլ է տալիս արյան սովորական հետազոտության միջոցով գնահատել ծանր սրտի կաթվածից հետո պացիենտների մահվան կարճաժամկետ ռիսկը։ Աշխատությունը հրապարակվել է Nature Cardiovascular Research ամսագրում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ միոկարդի սուր ինֆարկտի դեպքում օրգանիզմն արձագանքում է ոչ միայն սրտի մակարդակով, այլև իմունային համակարգի միջոցով։ Օրգանիզմն արյան մեջ զանգվածաբար արտանետում է նեյտրոֆիլները՝ սպիտակ արյան բջիջների ամենատարածված տեսակը, որոնք սովորաբար հասուն վիճակում են լինում։ Սակայն ծանր վիճակներում ոսկրածուծը սկսում է արտանետել նաև այդ բջիջների անհաս ձևերը։

Ըստ հետազոտողների, սա արտացոլում է ոսկրածուծի աշխատանքի այսպես կոչված «վթարային ռեժիմը», երբ արյան հոսքի մեջ են անցնում դրա բջջային վաղ պահուստները։

Գիտնականները հետազոտել են ինֆարկտ, ինսուլտ և սրտային անբավարարություն ունեցող ավելի քան 200 պացիենտի, ինչպես նաև առողջ մարդկանց ստուգիչ խմբեր։ Բարձր ճշգրտության հոսքային ցիտոմետրիայի միջոցով նրանք որոշել են արյան մեջ նեյտրոֆիլների հասունացման տարբեր փուլերը։

Պարզվել է, որ որքան ծանր է պացիենտի վիճակը, այնքան շատ անհաս բջիջներ են հայտնաբերվում արյան մեջ։ Հատկապես արտահայտված ազդեցություն է նկատվել ինֆարկտի ամենածանր ձևի դեպքում՝ պսակաձև զարկերակի լիակատար խցանմամբ։ Նման դեպքերում գրանցվել են նույնիսկ նեյտրոֆիլների ամենավաղ նախորդները։

Հետազոտողները նաև պարզել են, որ այդ անհաս բջիջների (այսպես կոչված՝ immature granulocytes կամ IG) մակարդակը կապված է հոսպիտալացումից հետո առաջին 30 օրվա ընթացքում մահվան ռիսկի հետ։ Ավելին, այս ցուցանիշն ավելի ճշգրիտ կանխատեսող մարկեր է եղել, քան արդեն կիրառվող մի շարք կենսամարկերներ։

Ինչպես նշում են աշխատանքի հեղինակները, մեթոդի առավելությունն այն է, որ բարդ սարքավորումներ չի պահանջում. IG-ի մակարդակը կարելի է որոշել արյան ստանդարտ հետազոտությամբ, որը հասանելի է հիվանդանոցների մեծ մասում։

Գիտնականներն ընդգծում են, որ մեթոդը կլինիկական պրակտիկայում ներդնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ պացիենտների անկախ խմբերի շրջանում։ Հեռանկարում սա կարող է օգնել ավելի արագ հայտնաբերել բարձր ռիսկի խմբում գտնվող պացիենտներին և նրանց համար սահմանել ավելի ինտենսիվ հսկողություն ու բուժում։

Հետազոտողները նախատեսում են նաև ուսումնասիրել, թե հատկապես որ ազդակներն են առաջացնում անհաս իմունային բջիջների արտանետումը, ինչը կարող է նոր ուղղություններ բացել սիրտ-անոթային հիվանդությունների բուժման համար։