Օտար լեզուների ուսումնասիրությունը նպաստում է ուղեղի ավելի դանդաղ ծերացմանը, ընդ որում՝ ազդեցությունն ուժեղանում է յուրաքանչյուր նոր յուրացված լեզվի հետ։ Նման եզրակացության են հանգել Իսպանիայի, Չիլիի, Արգենտինայի և Իռլանդիայի գիտնականները։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Բարսելոնայում կայացած Եվրոպական նեյրոգիտական ընկերությունների ֆեդերացիայի (FENS) համաժողովում։

Տարիքի հետ նեյրոնների միջև կապերը աստիճանաբար թուլանում են, ինչը հանգեցնում է հիշողության վատթարացման, մտածողության արագության և այլ ճանաչողական գործառույթների նվազման։ Հետազոտողները որոշել են ստուգել՝ արդյոք բազմալեզվությունն ազդում է այդ գործընթացի վրա։

Հետազոտությանը մասնակցել է Բասկերի Երկրի (բազմալեզվության բարձր մակարդակ ունեցող տարածաշրջան) 728 բնակիչ։ Գիտնականները մագնիսաէնցեֆալոգրաֆիայի միջոցով գրանցել են մասնակիցների ուղեղի ակտիվությունը, իսկ այնուհետև արհեստական բանականության ալգորիթմ են մարզել՝ նեյրոնային կապերի վիճակով ուղեղի «կենսաբանական տարիքը» որոշելու համար։ Դրանից հետո մոդելը ստուգվել է 144 հոգուց բաղկացած անկախ խմբի վրա, որոնք խոսում էին մեկ, երկու, երեք կամ չորս լեզվով։

Վերլուծությունը ցույց է տվել, որ երկու լեզվի տիրապետող մարդկանց ուղեղը միակ լեզվակիր մասնակիցների համեմատությամբ միջինում վեց տարով ավելի երիտասարդ տեսք է ունեցել։ Երեք լեզու իմացողների շրջանում տարբերությունը կազմել է մոտ յոթ տարի, իսկ չորս լեզվի տիրապետողների մոտ՝ մինչև 13 տարի։

Բացի դրանից, նշանակություն է ունեցել ոչ միայն լեզուների քանակը, այլև դրանց յուրացման խորությունը։ Երկրորդ լեզվի ավելի վաղ ուսումնասիրությունը և դրան տիրապետելու բարձր մակարդակը կապված են եղել նեյրոնային ցանցերի ավելի «երիտասարդ» վիճակի հետ։

Հեղինակների կարծիքով՝ մի քանի լեզվի կանոնավոր օգտագործումը լրացուցիչ կոգնիտիվ ծանրաբեռնվածություն է ստեղծում՝ ուղեղին ստիպելով մշտապես անցում կատարել լեզվական համակարգերի միջև, ճնշել ավելորդ տեղեկությունն ու ավելի ակտիվորեն օգտագործել ուշադրության, հիշողության ու գործադիր վերահսկողության մեխանիզմները։ Նման «մարզումը» կարող է նպաստել նեյրոնային կապերի պահպանմանը և դանդաղեցնել ուղեղի տարիքային փոփոխությունները։

Միաժամանակ, հետազոտողներն ընդգծում են, որ աշխատանքը ցույց է տալիս միայն կապը, այլ ոչ թե պատճառահետևանքային կախվածությունը։ Արդյունքների վրա կարող էին ազդել նաև այլ գործոններ, օրինակ՝ կրթական մակարդակը, կենսակերպը, ընթերցանությունը, երաժշտական պարապմունքները և սոցիալական ակտիվությունը։ Ընդսմին, ստացված տվյալները հաստատում են, որ բազմալեզվությունը կարող է լինել այն գործոններից մեկը, որոնք նպաստում են տարեց հասակում ճանաչողական առողջության պահպանմանը։