Միչիգանի համալսարանի հետազոտողները պարզել են, որ միգրեն ունեցող մարդկանց ուղեղը սովորաբար աշխատում է նվազ ճկունությամբ, սակայն բուն նոպայի ժամանակ դրա ակտիվությունը ժամանակավորապես ավելի քաոսային է դառնում։ Հեղինակների կարծիքով՝ այդ գործընթացը կարող է լինել նեյրոնային ցանցերի յուրօրինակ «վերագործարկում»: Հետազոտության արդյունքները հրապարակվել են NeuroImage բժշկագիտական հանդեսում։

Հետազոտությանը մասնակցել է 66 մարդ՝ առողջ կամավորներ, պարբերական միգրենով բուժառուներ և հիվանդության խրոնիկական ձևն ունեցող մարդիկ։ Ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային շերտագրման միջոցով գիտնականները գնահատել են ուղեղի այսպես կոչված էնտրոպիան՝ ցուցանիշ, որն արտացոլում է նեյրոնային ակտիվության բազմազանությունն ու անկանխատեսելիությունը։ Որքան բարձր է էնտրոպիան, այնքան ուղեղն ավելի ճկուն է մշակում տեղեկատվությունը և հարմարվում փոփոխություններին։

Պարզվել է, որ միգրենից տառապող մարդկանց մոտ ուղեղի էնտրոպիան միջինում ավելի ցածր է, քան առողջ մասնակիցների մոտ, իսկ հիվանդության խրոնիկական ձևի դեպքում այդ նվազումն ավելի արտահայտված է։ Որքան երկար է մարդը տառապել միգրենից և որքան հաճախ են առաջացել նոպաները, այնքան նեյրոնային ցանցերի աշխատանքը ավելի «կոշտ» է դարձել:

Սակայն նոպայի ժամանակ հետազոտողներն արձանագրել են հակառակ ազդեցությունը։ Ուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են տեսողական, լսողական և այլ զգայական ազդակների մշակման համար, էնտրոպիան ժամանակավորապես աճել է։ Լրացուցիչ վերլուծությունը ցույց է տվել, որ խոսքը ոչ թե պատահական աղմուկի, այլ այսպես կոչված քաոսային դինամիկայի մասին է՝ վիճակ, որի դեպքում ուղեղը դառնում է ավելի զգայուն փոփոխությունների նկատմամբ և դուրս է գալիս աշխատանքի սովորական կաղապարներից։

Հեղինակները ենթադրում են, որ միգրենի նոպան կարող է ժամանակավորապես խաթարել նեյրոնային ցանցերի չափից ավելի կայուն աշխատանքը՝ ուղեղին հնարավորություն տալով անցնել ավելի ճկուն վիճակի։ Ընդսմին, հետազոտությունը չի ապացուցում, որ այդ գործընթացը օգուտ է բերում օրգանիզմին, և դեռևս չի բացատրում, թե ինչու է նման վերակազմավորումն ուղեկցվում ուժեղ գլխացավով։