Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ բարդ շարժումներ կատարելիս առաջատար ձեռքի առավելությունը կապված է ոչ թե ուղեղի բնածին առանձնահատկությունների, այլ բազմամյա գործելակերպի հետ։ Փորձի արդյունքները ցույց են տալիս, որ վճռորոշ դեր է խաղում կուտակված շարժողական փորձը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences (PNAS) պարբերականում։
Աջ կամ ձախ ձեռքի առավելությունը համարվում է մարդու և շատ կենդանիների հիմնարար առանձնահատկություններից մեկը։ Երկար ժամանակ գերիշխում էր այն տեսությունը, ըստ որի՝ ուղեղի գերիշխող կիսագունդը սկզբնապես ավելի լավ է հարմարեցված բարդ շարժումներ կատարելու համար։ Պրիմատների, կատուների, կենգուրուների և մկների շրջանում նույնպես ձեռքերից մեկին նախապատվություն տալու միտում կա, սակայն կենդանական աշխարհում այդ երևույթն այնքան վառ արտահայտված չէ, որքան մարդկանց շրջանում։
Այս վարկածը ստուգելու համար գիտնականները առողջ կամավորներին խնդրել են մի շարք շարժողական առաջադրանքներ կատարել, իսկ նրանց շարժումները արձանագրվել են տեսահետագծման համակարգի միջոցով։ Մասնակիցները պետք է ձգվեին դեպի թիրախը, վերցնեին առարկան, իսկ հետո կատարեին ավելի բարդ խնդիր՝ օգտագործեին երկար փայտիկ՝ հեռավոր օբյեկտին հասնելու համար։
Պարզվել է, որ պարզ առաջադրանքներում երկու ձեռքերն էլ հավասարապես լավ են գլուխ հանել։ Տարբերությունները հայտնվել են միայն գործիքն օգտագործելիս. առաջատար ձեռքն ավելի արագ է հարմարվել նոր պայմաններին և ավելի արդյունավետ է յուրացրել անսովոր շարժումը։
Հեղինակների կարծիքով՝ արդյունքները վկայում են այն մասին, որ այդ առավելությունը ձևավորվում է առաջատար ձեռքի օգտագործման բազմամյա փորձի շնորհիվ, այլ ոչ թե դրա բնածին գերազանցության պատճառով։ Հետազոտությունն օգնում է ավելի լավ հասկանալ շարժողական ուսուցման և նեյրոպլաստիկության մեխանիզմները և կարող է կիրառություն գտնել վնասվածքներից և ուղեղի կաթվածից հետո վերականգնողական ծրագրերի մշակման մեջ։






