Արևելյան Անգլիայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ օդի ջերմաստիճանի և արևոտ օրվա տևողության նույնիսկ չնչին փոփոխություններն ի վիճակի են ազդել մարդկանց հոգեկան վիճակի և հոգեբանական օգնությանն դիմելու հաճախականության վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Psychiatry բժշկագիտական հանդեսում։

Գիտնականները վերլուծել են 2014-2022 թվականներն ընկած ժամանակահատվածում Անգլիայի հոգեկան առողջության ծառայություններ հասցեագրված ավելի քան 4,6 միլիոն դիմում։ Հետազոտության մեջ ներառվել են կանչերը NHS 111 ծառայություն, դիմումները շտապ օգնության բաժանմունքներ և հերթապահ ընդհանուր պրակտիկայի բժիշկներին։ Այնուհետև այդ տվյալները համադրվել են համապատասխան օրերի եղանակային պայմանների հետ։

Վերլուծությունը ցույց է տվել, որ դիմումների թիվն աճել է օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց՝ մինչև մոտավորապես 18 °C։ Մեկ այլ գործոն է ծառայել արևոտ ժամերի կրճատումը. ամպամած օրերին մարդիկ ավելի հաճախ են օգնության դիմել տագնապի, ճնշվածության, քնի խնդիրների, միտումնավոր ինքնավնասման կամ ալկոհոլային հարբածության պատճառով։

Միաժամանակ, տեղումների քանակը հոգեկան վիճակի վատթարացման հետ կայուն կապ չի ցուցաբերել։ Հեղինակների կարծիքով՝ հուզական բարեկեցության համար ավելի մեծ նշանակություն ունեն բուն ջերմաստիճանն ու բնական լուսավորության մակարդակը, քան ինքնին անձրևոտ եղանակը։