Բոստոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ 100 տարեկանից բարձր մարդկանց արյունը մոլեկուլների արտասովոր հավաքածու է պարունակում. այն ոչ միայն տարբերվում է սովորական տարեց մարդկանց արյունից, այլև կանխատեսում է երկարակեցությունը դեռևս նախքան մարդու՝ դարավոր սահմանագիծը հատելը։ Հետազոտությունը հրապարակվել է GeroScience բժշկագիտական հանդեսում։
Աշխատանքն իրականացվել է New England Centenarian Study-ի շրջանակում. դա երկարակյացների վերաբերյալ աշխարհում խոշորագույն երկարաժամկետ հետազոտություններից մեկն է, որը ղեկավարում է բժշկագիտության դոկտոր Թոմաս Փերլսը։ Վերլուծության մեջ ընդգրկվել է 213 մարդ՝ 70 հարյուրամյա և ավելի տարեց երկարակյացներ, նրանց կենսաբանական զավակները և նույն տարիքի համեմատական խումբ՝ առանց արտասովոր երկարակեցության ընտանեկան պատմության։
Հետազոտողները չափել են արյան մոտ 1495 մետաբոլիտների մակարդակները. դրանք փոքր մոլեկուլներ են, որոնք առաջանում են նյութափոխանակության գործընթացում։ Մետաբոլոմիկան, այսինքն՝ նման մոլեկուլների զանգվածային վերլուծությունը, հնարավորություն է տալիս ստանալ օրգանիզմի կենսաքիմիական վիճակի «ակնթարթային պատկերը»։
Երկարակյացների արյան հիմնական տարբերությունը լեղաթթուների բարձր մակարդակն է։ Դրանք նյութեր են, որոնք արտադրում է լյարդը և մասնակցում են ճարպերի մարսողությանը, ինչպես նաև կարգավորում են բորբոքումները, իմունիտետը և աղիքային միկրոբիոմը։ Հարյուրամյա մարդկանց մոտ պահպանվել էր ինչպես առաջնային (լյարդի կողմից սինթեզվող), այնպես էլ երկրորդային (աղիքային բակտերիաների կողմից արտադրվող) լեղաթթուների պաշարը, մինչդեռ սովորական տարեցների մոտ այն նվազած է։
Երկրորդ ցուցիչը պահպանված ստերոիդային պրոֆիլն է՝ հորմոնների և դրանց ածանցյալների հավաքածուն, ներառյալ սեռական հորմոնների նախանյութերը։ Մարդկանց մեծամասնության շրջանում այդ ցուցանիշները կտրուկ ընկնում են 70 տարեկանից հետո. երկարակյացների օրգանիզմում դրանք մնացել են հարաբերականորեն բարձր մակարդակի վրա։
Ստացված տվյալների հիման վրա հեղինակները ստեղծել են ML-մոդել (մեքենայական ուսուցման մոդել), որը գնահատում է կենսաբանական տարիքը ըստ մետաբոլոմիկ պրոֆիլի։ «Մետաբոլոմիկ ժամացույցը» հնարավորություն է տալիս տարբերել կենսաբանորեն երիտասարդ 80 տարեկանին կենսաբանորեն ծերացածից և, հնարավոր է, կկանխատեսի, թե ով կապրի մինչև հարյուր տարի։






