Ճարպակալման բուժման հանրահայտ դեղամիջոցները, ներառյալ Wegovy-ն և Mounjaro-ն, իսկապես օգնում են զգալիորեն նվազեցնել քաշը, սակայն դրանց ազդեցությունը կյանքի որակի և երկարաժամկետ առողջության վրա եղել է ավելի քիչ տպավորիչ, քան սպասվում էր: Նման եզրակացության են հանգել հետազոտությունների խոշոր վերլուծության հեղինակները, որը հրապարակվել է The BMJ բժշկագիտական հանդեսում:
Գիտնականները վերլուծել են 262 պատահականացված կլինիկական հետազոտությունների տվյալներ, որոնց մասնակցել է գրեթե 100 հազար մարդ: Ակնարկում կենսակերպի փոփոխության, պլացեբոյի կամ այլ դեղերի հետ համեմատվել են ճարպակալման դեմ գոյություն ունեցող և մշակվող 19 դեղամիջոցներ:
Հետազոտողները գնահատել են ոչ միայն մարմնի զանգվածի նվազումը, այլև դեղամիջոցների ազդեցությունը կյանքի որակի, սիրտ-անոթային հիվանդությունների, մկանային զանգվածի կորստի, կողմնակի ազդեցությունների և բուժման դադարեցումից հետո արդյունքի կայունության վրա:
Մեկ տարի անց քաշի ամենամեծ նվազումը նկատվել է հետևյալ դեղամիջոցների դեպքում.
- տիրզեպատիդը՝ մարմնի զանգվածի մոտ 14,9%;
- CagriSema-ն՝ մոտ 14,8%;
- պերորալ (հաբ) սեմագլուտիդը՝ մոտ 10,9%;
- orforglipron-ը՝ մոտ 9,9%;
- ներարկվող սեմագլուտիդը՝ մոտ 9,8%;
- ֆենտերմին-տոպիրամատը՝ մոտ 8,1%:
Ընդ որում, գիտնականները հայտնաբերել են կարևոր օրինաչափություն. որքան մեծ է քաշի նվազումը, այնքան ավելի հաճախ են ի հայտ եկել անցանկալի հետևանքներ: Ամենատարածված խնդիրների թվում եղել են աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումները, հոգնածությունը և մարմնի անճարպ զանգվածի, ներառյալ՝ մկանների կորուստը:
Հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, թե ինչ է տեղի ունենում թերապիայի դադարեցումից հետո: Քաշի և առողջական վիճակի բարելավումները հաճախ չեն պահպանվել առանց բուժման շարունակման:
Սրտի պաշտպանության տեսանկյունից արդյունքները եղել են ավելի սահմանափակ: Միայն որոշ դեղամիջոցներ են համոզիչ առավելություններ ցույց տվել:
Ներարկվող սեմագլուտիդը կապված է եղել ցանկացած պատճառով մահվան վտանգի մոտ 19%-ով, ինֆարկտի վտանգի՝ 28%-ով, իսկ սրտային անբավարարության վտանգի՝ 57%-ով նվազման հետ: Տիրզեպատիդը ևս նվազեցրել է սրտային անբավարարության վտանգը մոտ 51%-ով:
Ընդմսին, ոչ մի դեղամիջոց ցույց չի տվել երիկամային անբավարարության ռիսկի համոզիչ նվազում կամ բուժառուների կյանքի որակի զգալի բարելավում:
Գիտնականները նշել են նաև, որ տիրզեպատիդն ապահովել է ճարպային զանգվածի ամենամեծ կրճատումը՝ մոտ 25,7%, սակայն միաժամանակ հանգեցրել է մկանային զանգվածի ամենանկատելի՝ մոտ 8,3% կորստին:
Հետազոտողների կարծիքով՝ դեղամիջոցի ընտրությունը պետք է լինի անհատական և հաշվի առնի ոչ միայն քաշի հնարավոր կորուստը, այլև հնարավոր ռիսկերը, բուժման արժեքը, դեղի հասանելիությունը և իր՝ բուժառուի նախապատվությունները:






