Օրերից մի օր ընդամենը մի քանի կաթիլ արցունքով հնարավոր կլինի դատել մարդու նյարդաբանական առողջության մասին։ ACS Omega ամսագրում հոդված հրապարակած հետազոտողները մշակել են մատչելի էլեկտրաքիմիական սենսոր՝ դոֆամինի որոշման համար։ Դոֆամինը նեյրոմեդիատոր է, որը մասնակցում է շարժման, ուսումնառության, մոտիվացիայի և էմոցիոնալ կարգավորման գործընթացներին։ Նրանք սարքը փորձարկել են մարդու արհեստական արցունքահեղուկի վրա, և այն ճշգրտորեն որոշել է դոֆամինի կոնցենտրացիայի միջակայքը։ Այս տեխնոլոգիան կարող է նպաստել Պարկինսոնի հիվանդության և դոֆամինի անոմալ մակարդակի հետ կապված այլ վիճակների մոնիթորինգի գործիքների ստեղծմանը։
«Այս սենսորը ստեղծելիս մեր նպատակն էր ապահովել նյարդաբանական խանգարումների գերվաղ հայտնաբերումը, որպեսզի հնարավոր լինի կլինիկական միջամտություններ իրականացնել նախքան հիմնական ախտանիշների ի հայտ գալը»,— ասում է հետազոտության հեղինակ Նեֆտալի Լենեն Վիլյառեալ Կարենյոն։
Դոֆամինի մակարդակի փոփոխությունները՝ ինչպես բարձրացումը, այնպես էլ նվազումը, կապված են նյարդաբանական և հոգեկան խանգարումների հետ։ Օրինակ՝ Պարկինսոնի հիվանդության դեպքում դոֆամինի խտությունը նվազում է, փոխանցում է «Նաուչնայա Ռոսիա»-ն։ Մոնիթորինգի գոյություն ունեցող մեթոդները, ինչպիսիք են արյան, մեզի անալիզները կամ իմպլանտացվող սարքերը, ժամանակատար են կամ ինվազիվ միջամտություն են պահանջում։ Որպես այլընտրանք՝ արցունքները կարող են դառնալ առողջական վիճակի մասին տեղեկատվության աղբյուր, քանի որ դրանք կարելի է հավաքել արագ և անցավ։
Սենսորը ստեղծելու համար հետազոտողները լազերի օգնությամբ բարակ պլաստիկ թաղանթի մի մասը վերածել են էլեկտրահաղորդիչ գրաֆենի։ Փոստային նամականիշի չափսեր ունեցող սարքը էլեկտրական ազդանշան է գեներացնում, երբ դոֆամինը ռեակցիայի մեջ է մտնում գրաֆենի հետ։ Լաբորատոր փորձարկումների ընթացքում հետազոտողները դոֆամին են ավելացրել մարդու արհեստական արցունքին և չափել սենսորի արդյունավետությունը։ Սարքը ճշգրտորեն որոշել է դոֆամինի մակարդակը, այդ թվում՝ այնպիսի խտություններով, որոնք նախկինում հայտնաբերվել էին Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց արցունքներում։ Այն պահպանել է իր արդյունավետությունը նույնիսկ արցունքի մեջ սովորաբար առկա այլ միացությունների ներկայությամբ։
«Մեր սենսորը կարող է որոշել դոֆամինի այնպիսի մակարդակը, որը զգալիորեն ցածր է կամ երեք անգամ բարձր նորմայից,— ասում է հետազոտության համահեղինակ Լուկաս Մինգինի Գոնսալվեշը։— Այս հնարավորությունը թույլ է տալիս վաղ փուլում հայտնաբերել մարդու մոտ դոֆամինի մակարդակի սկզբնական անկումը, ինչը չափազանց կարևոր է կանխարգելիչ թերապևտիկ միջամտության համար»։
Գիտնականների խոսքով՝ իրենց բացահայտումը հիմք է նախապատրաստում մարդու արցունքահեղուկի նմուշների օգտագործմամբ ապագա հետազոտությունների համար և օգնում է մշակել դյուրակիր սարքեր՝ արցունքահեղուկի միջոցով նյարդաբանական բիոմարկերների մոնիթորինգի համար։






