Չինաստանի հետազոտողները հայտնաբերել են բնական մոլեկուլ, որն, ըստ ամենայնի, կարևոր դեր է խաղում քնի նկատմամբ օրգանիզմի պահանջմունքի կարգավորման գործում: Հեղինակների կարծիքով՝ բացահայտումը կարող է հիմք դառնալ անքնության և քնի այլ խանգարումների բուժման նոր մեթոդների ստեղծման համար: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature Neuroscience բժշկագիտական հանդեսում:
Քունը կենսականորեն անհրաժեշտ է ուղեղի և ամբողջ օրգանիզմի բնականոն աշխատանքի համար: Քնի ընթացքում տեղի է ունենում հիշողության ամրապնդում, ուղեղի մաքրում նյութափոխանակության արգասիքներից և օրգանիզմի վերականգնում: Ընդսմին, միլիոնավոր մարդիկ տառապում են անքնությունից, ցիրկադային ռիթմերի խանգարումներից, տագնապային և դեպրեսիվ հիվանդություններից, ինչի պատճառով քնին և քնի որակին առնչվող խնդիրներ են ունենում: Առկա քնաբեր դեղամիջոցները հաճախ կախվածություն են առաջացնում կամ ուղեկցվում են կողմնակի ազդեցություններով, ներառյալ հաջորդ օրվա քնկոտությունը և անքնության կրկնակի զարգացումը:
Նոր հետազոտության մեջ Չինաստանի գիտությունների ակադեմիայի և այլ գիտական հաստատությունների գիտնականներն ուսումնասիրել են այսպես կոչված «քնի ճնշման» հիմքում ընկած մեխանիզմները՝ արթուն մնալու ժամանակի ավելացմանը համընթաց քնի պահանջի բնական աճը:
Հետազոտողները պարզել են, որ ողնուղեղային հեղուկում տրիպտամին (TrpA) բնական մոլեկուլի մակարդակն աստիճանաբար բարձրանում է այն չափով, որքան օրգանիզմն ավելի երկար է արթուն մնում: Գիշերային մկների և ցերեկային խոզերի վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ TrpA-ի կոնցենտրացիան արտացոլում է նախորդող արթնության ժամանակահատվածի տևողությունը՝ անկախ օրվա ժամից, ինչը մատնանշում է քնի ներքին կարգավորման համակարգում դրա մասնակցությունը:
Հեղինակները սահմանել են, որ տրիպտամինն անջատում են արթնության ժամանակ ակտիվ նեյրոնների խմբերը: Այնուհետև մոլեկուլը կապվում է GPR139 ռեցեպտորի հետ, ինչը բարձրացնում է նեյրոնների ակտիվությունը հիպոթալամուսի պրեօպտիկ հատվածում՝ ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է քնի գործարկման համար:
Լրացուցիչ փորձերը ցույց են տվել, որ փորձարարական միացությունների օգնությամբ GPR139 ռեցեպտորի ակտիվացումը զգալիորեն ավելացրել է քնի տևողությունը և բարելավել դրա որակը ինչպես մկների, այնպես էլ խոզերի շրջանում: Բացի դրանից, հետազոտողները ցույց են տվել, որ TrpA–GPR139 ազդանշանային ուղին անհրաժեշտ է դրա պակասից հետո քնի նորմալ վերականգնման համար:
Հեղինակների խոսքով՝ արդյունքները հնարավորություն են տալիս տրիպտամինը դիտարկել որպես արթնության և քնի միջև հավասարակշռության պահպանմանը մասնակցող նախկինում անհայտ ազդանշան, իսկ GPR139 ռեցեպտորը՝ որպես նոր դեղամիջոցների մշակման հեռանկարային թիրախ: Քանի որ համանման մեխանիզմը հայտնաբերվել է միանգամից կաթնասունների երկու տեսակի մոտ, գիտնականները ենթադրում են, որ այն կարող է գոյություն ունենալ նաև մարդու օրգանիզմում: Եթե հետագա հետազոտություններում դա հաստատվի, բացահայտումը կարող է նպաստել անքնության և քնի այլ խանգարումների բուժման համար ավելի անվտանգ և կախվածություն չառաջացնող միջոցների ստեղծմանը:






