Մրցակցային բոդիբիլդինգին առնչվող ռիսկերը ներկայացված են 2025 թվականի հետազոտության մեջ, որի ընթացքում գիտնականները դիտարկել են 2005-2020 թվականներին մրցումների մասնակցած մոտ 20 հազար սիրողական և պրոֆեսիոնալ բոդիբիլդերների:

Հանկարծակի սրտային մահվան (ՀՍՄ) վտանգը

European Heart Journal հանդեսում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ հանկարծակի սրտային մահվան (երբ սիրտը հանկարծակի դադարում է բաբախել) հավանականությունը պրոֆեսիոնալ բոդիբիլդերների շրջանում ավելի քան հինգ անգամ բարձր է, քան սիրողականների շրջանում:

Հանկարծակի սրտային մահը հազվադեպ է հանդիպում երիտասարդ, առողջ մարդկանց շրջանում և հաճախ կապված է ուղեկցող սրտանոթային հիվանդությունների հետ, հաղորդում է BBC-ն: Հետազոտության ընթացքում բացահայտվել է մահվան 121 դեպք, որոնցից 46-ը դասակարգվել են որպես հանկարծակի սրտային մահ: Մահացածների միջին տարիքը 45 տարեկանն է, սակայն մրցումներին ակտիվորեն մասնակցող մարզիկների շրջանում այն կազմել է ընդամենը 34,7 տարեկան:

Հետազոտության գլխավոր հեղինակ, Իտալիայի Պադովայի համալսարանի դոկտոր Մարկո Վեկյատոն նշել է, որ բոդիբիլդերների մահվան պատճառ կարող էին դառնալ մի քանի գործոններ, դրանց թվում՝ Սպորտային արդյունքները բարելավող դեղամիջոցների «լայնածավալ օգտագործումը», մրցումներից առաջ քաշի արագ նվազեցումը, «Էքստրեմալ ուժային մարզումները»:

Անաբոլիկ ստերոիդների ազդեցությունը սրտի վրա

2025 թվականին Circulation հանդեսում հրապարակված մեկ այլ հետազոտության մեջ դանիացի գիտնականները 11 տարվա ընթացքում դիտարկել են 1189 տղամարդկանց, որոնք օգտագործել են անաբոլիկ ստերոիդներ, և համեմատել են նրանց ընդհանուր բնակչության գրեթե 60 հազար տղամարդկանց հետ:

Պարզվել է, որ ստերոիդներ օգտագործողների շրջանում բարձրանում են հետևյալ ռիսկերը.Կարդիոմիոպաթիա (սրտամկանը թուլացնող հիվանդություն)՝ գրեթե 9 անգամ ավելի մեծ հավանականություն:Ինֆարկտի ռիսկ՝ 3 անգամ ավելի բարձր: Սրտային անբավարարության ռիսկ՝ ավելի քան 3 անգամ բարձր:

Բացի այն, որ անաբոլիկ ստերոիդները տղամարդկանց օրգանիզմում առաջացնում են առողջական այլ խնդիրներ (օրինակ՝ սպերմատոզոիդների քանակի նվազում և էրեկտիլ դիսֆունկցիա), դրանք կարող են բարձրացնել արյան ճնշումը, արագացնել զարկերակներում խոլեստերինային վահանիկների առաջացումը և կառուցվածքային փոփոխություններ առաջացնել բուն սրտում:

Դիահերձման արդյունքները

European Heart Journal-ում հրապարակված հետազոտության մեջ գիտնականները վերլուծել են նաև մահացած բոդիբիլդերների դիահերձման արդյունքները.

Շատ դեպքերում նրանց մոտ հայտնաբերվել է մեծացած սիրտ և ձախ փորոքի հիպերտրոֆիա՝ սրտի հիմնական պոմպային խցիկի հաստացում, որը կարող է մեծացնել առիթմիայի և սրտային անբավարարության ռիսկը (երիտասարդ տարիքում մահացած բոդիբիլդերների մոտ սրտի մեծացումը հանդիպել է շատ հաճախ):

Որոշ դեպքերում թունաբանական անալիզները և հանրամատչելի զեկույցները բացահայտել են անաբոլիկ պրեպարատների չարաշահում, որոնց նկատմամբ դիահերձման ժամանակ սովորաբար սքրինինգ չի իրականացվում: