Հիվանդներին վաղ հայտնաբերելու նպատակով շարունակվող բակային համայցերի արդյունքում Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն հոսպիտալացվել է եւս 2 երեխա, ինչպես նաեւ դաստիարակչուհիներից մեկը։ Վերջինիս վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Բոլորն անհրաժեշտ բուժում են ստանում, ինչի արդյունքում նրանց առողջական վիճակը բարելավվում է։ Նոյեմբերի 28-ին Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն ընդունված 11 երեխա այսօր դուրս է գրվել։ Այդպիսով, նոյեմբերի 30-ին, ժամը 13.30-ի դրությամբ մանկապարտեզում արձանագրված թունավորումից Եղվարդի հիվանդանոցում շարունակում է բուժվել 3-6 տարեկան 41 երեխա եւ 1 մեծահասակ։ Ամբուլատոր պայմաններում սպասարկվում է 33 փոքրիկ։ Երեւանի բուժհաստատություններ նոր հիվանդներ չեն ընդունվել։

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող 18 երեխայի վիճակն այսօր անհամեմատ ավելի լավ է։ Առողջական դրական տեղաշարժ է նկատելի նաեւ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժվող փոքրիկի մոտ։ Այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ, հիվանդանոցային բուժում են ստանում 60 երեխա եւ 1 մեծահասակ։ Հակահամաճարակային եւ կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։

Երեխաների առողջական վիճակը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական վերահսկողության ներքո:

Հիշեցնենք, որ Եղվարդի մանկապարտեզում զանգվածային թունավորման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 28–ի երեկոյան։ Եղվարդի հիվանդանոց էր մեկնել ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ։ Ծանր վիճակում գտնվող երեխաները տեղափոխվել էին Երեւան՝ «Նորք» ինֆեկցիոն եւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցներ։

Երեկ Եղվարդում էր նաեւ մեր նկարահանող խումբը։ Ավելի ուշ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ երեխաների մոտ հաստատվել է դիզենտերիա։ Երեկ, նոյեմբերի 29–ին ժամը 19.30 դրությամբ ընդհանուր հիվանդների թիվը 94 էր կազմել։