Սեռավարակներն ասես պետության կողմից լրիվ անտեսված հիվանդությունների խումբ լինեն. պետպատվերի շրջանակներում դրանք չեն բուժվում, եւ դա, բազմաթիվ մասնագետների կարծիքով, հղի է մի շարք վտանգներով:
Մաշկավեներաբան Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ տարիներ առաջ սիֆիլիսը Հայաստանում պետպատվերի շրջանակներում էր բուժվում, իսկ հիմա՝ ոչ: Արդյունքում լինում են մարդիկ, ում մոտ սիֆիլիս է հայտնաբերվում եւ ովքեր հրաժարվում են բուժումից, քանի որ գումար չունեն:
Քանի որ այդ մարդիկ, մասնագետի խոսքով, սովորաբար ռիսկային սեռական վարքագիծ են ունենում, կարելի է ենթադրել, որ նրանցից յուրաքանչյուրը առնվազն մեկ հոգու հասցնում է վարակել, եւ հիվանդությունը էլ ավելի է տարածվում: Նույնը կարելի է նաեւ բոլոր այլ սեռավարակների մասին ասել:
Ինչու՞ են սեռավարակները վտանգավոր: Այս հարցին NEWS.am Medicine-ը բազմիցս անդրադարձել է. հիշեցնենք, որ դրանք կարող են վնաս հասցնել մարդու վերարտադրողական առողջությանը, անպտղություն առաջացնել կամ՝ հղիության ժամանակ պտղի մոտ լուրջ արատների առաջացման պատճառ դառնալ (մասնավորապես, հերպեսի վիրուսի եւ ցիտոմեգալովիրուսի պատճառով երեխան կարող է ծնվել առանց վերջույթների, նապաստակի շուրթով, գայլի խոռոչով, տեսողության եւ լսողության հետ լուրջ խնդիրներով եւ այլ արատներով): Բացի այդ, բազմաթիվ մասնագետներ նշում են, որ սեռավարակի առկայությունը նաեւ նպաստավոր պայմաններ է ստեղծում եւ մեծացնում է ՄԻԱՎ-ի՝ սեռական ճանապարհով փոխանցման հավանականությանը:
Սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը նույնպես նշել է, որ Հայաստանում հետազոտություններն ու բուժումը պացիենտի համար անվճար են միայն ՄԻԱՎ-վարակի դեպքում, իսկ բոլոր այլ սեռավարակների բուժումը ոչ մի կերպ չի ֆինանսավորվում՝ ոչ պետության կողմից, ոչ էլ այլ կազմակերպությունների եւ հիմնադրամների:
Այսպիսով, ինչու՞ սեռավարակները պետպատվերի շրջանակներում չեն բուժվում: Այո, դրանք մարդու կյանքին անմիջապես չեն սպառնում, բայց կարող են լուրջ հարված հասցնել մարդու վերարտադրողական համակարգին, ինչը Հայաստանի նման երկրի համար ծանր հետեւանքներով է հղի:






