Ո՞ւմ կարող է «բամբասկոտ կին» արտահայտությունը ծանոթ չլինել: Հիմա երեւի ենթագիտակցորեն Ձեր մտքին էլ մի խումբ՝ որեւէ մեկին դեմ եռանդուն «աշխատող» եւ հետեւից խոսող դեռահաս աղջիկների կամ կանանց պատկերը եկավ: Բանից պարզվում է՝ ոչ ճիշտ պատկերացում ունեք երեւույթի մասին, քանի որ տղամարդիկ մի փոքր ավելի են հակված վերը նկարագրված միջոցներով վնաս պատճառելու գաղափարին, իսկ սոցիալական բռնության զոհի կարգավիճակում էլ առավել հաճախ կանայք կարող են հայտնվել, հաղորդում է Medical Daily-ին:
«Արդյունքներն ապշեցուցիչ էին: Ի վերջո կայքերում, գրքերում, հեռուստաշոուներում եւ որակական հետազոտության արդյունքներում առավել հաճախ կանանց կողմից դրսեւորվող հարաբերական ագրեսիայի մասին է խոսվում: Ըստ ամենայնի, մինչ այժմ հարցի շուրջ միանգամայն սխալ պատկերացումներ ենք ունեցել», - նշել է Ջեորջիայի համալսարանի պրոֆեսոր, հետազոտության ավագ հեղինակ դոկտոր Պամելա Օրփինասը:
Ի տարբերություն ֆիզիկական վնասի, որեւէ անձի մերժմանը միտված գործողությունը հարաբերական ագրեսիա անվամբ է հայտնի, թեեւ նախկինում նաեւ անուղղակի կամ սոցիալական ագրեսիա անվանումներն է կրել: Խոսքը կոնկրետ մարդու վերաբերյալ բացասական եւ անհիմն լուրերի տարածմանն ու բամբասանքին, մեծ հաշվով՝ այլոց հետ հարաբերությունների խափանմանն է վերաբերում: Քանի որ կանայք առավել քիչ են ֆիզիկական ագրեսիային հակված, ենթադրվում էր, որ փոխարենը պետք է ավելի հաճախ հարաբերականը կիրառեն:
Գլխավորապես դեռահասների շրջանում հարաբերական ագրեսիայի ուսումնասիրման եւ 6-12-րդ դասարանցիների համար ուղեծրման նպատակով, դոկտոր Օրփինասի գլխավորությամբ գործող գիտնականները ինքնատիպ հետազոտություն են նախաձեռնել՝ նահանգի հյուսիս-արեւելքում գործող ինը միջնակարգ դպրոցների 620 աշակերտների մասնակցությամբ: Հատկանշական է, որ ընտրված տարածքում իրականացվող հանցագործությունների հաճախականության եւ աղքատության մակարդակը բարձր է միջին ամերիկյան ցուցանիշից: Հետազոտության՝ արագան եւ իգական սեռի մասնակիցների թիվը գրեթե հավասար է կազմել: Նույնչափ՝ 50 տոկոս է կազմել նաեւ սպիտակամորթ աշակերտների թիվը, մինդեռ սեւամորթներին՝ շուրջ 30, լատինական ծագմամբ ամերիկացիներին էլ՝ մնացյալ 20 տոկոսն է բաժին հասել:
Հետազոտությամբ պարզվել է, որ մասնակիցներից գրեթե յուրաքանչյուրը ուսման տարիներին առնվազն մեկ անգամ սոցիալական ագրեսիայի է մասնակցել կամ դրա զոհը դարձել: Ուսանողների կեսից ավելիի (շուրջ 55 տոկոս) պարագայում հարաբերական ագրեսիան «թույլ» գնահատումն է ստացել: «Միջին» խմբում մեծամասնությունը (55 տոկոս) տղաներ են կազմել, ինչպես եւ «բարձր» ագրեսիայի խմբում, որտեղ նրանց մասնակցության բաժինը 66 տոկոսի է հասել:
Հատկանշական է, որ ագրեսիայի թույլ ազդեցությանը ենթարկվածների թվում եւս մեծամասնությունը (61 տոկոս) տղաներն են կազմել, թեեւ «միջին» խմբում իրավիճակը կտրուկ փոխվում է (աղջիկներ՝ 57 տոկոս):
«Աղջիկներն ավելի զգայուն են՝ հարաբերական ագրեսիայի նկատմամբ», - նշել է դոկտոր Օրփինասը՝ նկատի ունենալով, որ աղջիկների՝ զոհի կարգավիճակում լինելու վերաբերյալ զգացողությունը կարող է մի փոքր չափազանցված լինել:
Բարեբախտաբար, հետազոտությունը լավ տոնայնությամբ է ավարտվել: Գիտնականները պարզել են, որ ժամանակի ընթացքում՝ նախքան ավարտական դասարան հասնելը, հարաբերական ագրեսիայի կտրուկ անկում է նկատվում:






